Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » ՀԱԿ |
ՄՈՒՏՔ Հայ ժողովուրդը,
երկար դարեր, օտարի տիրապետության տակ՝ պահպանել է ազատության եւ դրա երաշխիք՝ անկախ
պետականության ձեռքբերման ձգտումը որպես ազգային նպատակ։ Հայաստանի պետականության
վերականգնումը 1918-1920թթ., ապա, որպես պետական միավոր՝ Խորհրդային Հայաստանի գոյությունը,
հիմք դարձան Հայաստանի Հանրապետության ստեղծման համար։ Սակայն առաջինն՝ իր կարճատեւությամբ,
երկրորդն՝ իր ոչ լիարժեք ինքնուրույնությամբ, չէին կարող լինել այն միջավայրը, հիմքը,
որի վրա կվերականգնվեր դարերի ընթացքում անխուսափելիորեն կորսված պետական զգացողության, բանական քաղաքական մտածողության, պետականության ավանդույթի բացը։ Այդ ամենը
տեղի ունեցավ պատմականորեն կարճ, սակայն ազգային զարթոնքի ու քաղաքական հագեցվածության
առումով գերխիտ՝ 1988-1990թթ. Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման ընթացքում.
իրական քաղաքական կատեգորիաներով եւ մտածողությամբ հաղթահարվեց հարյուրամյակներ շարունակ
հայ քաղաքական մտքի հիմքում դրված հուզական եւ իռացիոնալ ըմբռնումների ու պատկերացումների
ծանր իներցիան։ Քաղաքական մշտական կողմնորոշման մերժման, սեփական ուժերին ապավինելու,
իրատեսության սկզբունքների գործադրմամբ իրականացավ հայ ժողովրդի անկախության ձեռքբերումը։
Հայկական նորաստեղծ պետականության հիմքում դրված իրական քաղաքական սկզբունքների ու
պատկերացումների շնորհիվ կարճ
ժամանակում հնարավոր եղավ դիմագրավել այն մարտահրավերները, որ առաջացել էին Խորհրդային
Միության փլուզմամբ, իսկ Հայաստանում այդ դժվարությունները քառապատկվել էին Աղետի գոտու,
300.000 փախստականների, տնտեսական շրջափակման եւ փաստացի պատերազմի հետեւանքով։ Չնայած
պատերազմական պայմաններին՝ դրվում էին անկախ
պետականության հիմքերը, ստեղծվում էին պետական ինստիտուները, ներքաղաքական կյանքում հետեւողականորեն արմատավորվում էր ժողովրդավարությունը,
կատարվում էին համակարգային արմատական բարեփոխումներ, տնտեսական շրջափակման մեջ գտնվող
երկիրը 1994-ին արձանագրեց կայուն տնտեսական աճ, 1995-ին հաղթահարվեց էներգետիկ ճգնաժամը,
հաղթանակով ավարտվեց Ղարաբաղյան պատերազմը, բոլորը միասին քաղաքական մի սխրանք, որ
աննախադեպ էր Հայոց նորագույն պատմության մեջ։ 1998թ. պետական հեղաշրջմամբ եւ ոչ օրինակարգ
իշխանության հաստատմամբ խաթարվեց Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Մի
կողմ դրվեցին պետականության՝ իրենց կենսունակությունն ու արդյունավետությունն ապացուցած
հիմնադրույթները, դրանք փոխարինվեցին իշխանության եւ քաղաքականության մասին գավառական
պատկերացումներով եւ ընկալումներով։ Իշխանազավթման գործընթացն իր ավարտին հասավ
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ, դրվեցին կոռուպցիոն համակարգի եւ ավազակապետական ռեժիմի ստեղծման հիմքերը։ Իր
վերարտադրությունն ապահովելու համար ռեժիմը 2004թ. ապրիլի 12-ին դիմեց դաժան բռնության
2003 թ. նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող խաղաղ ցուցարարների դեմ,
իսկ 2008 թ. նախագահական ընտրություններից հետո նա իշխանությունը պահեց միայն մարտի
1-ին կատարած ռազմական հեղաշրջմամբ, ժողովրդի վրա կրակելով, 10 զոհերի գնով։ Ավազակապետական
իշխանության կողմից մերժվեցին ոչ միայն 90-ականների քաղաքական սկզբունքներն ու պետականության
հիմնադրույթները։ Նրա իշխանության պայմաններում վտանգված է հայ ժողովրդի ազգային ինքնության
առանցքը կազմող ավանդական արժեքային համակարգը։ Շարունակություն չունեցան կամ կասեցվեցին
1990-ականների բարեփոխումները, մսխվեցին դրա արդյունքները։ Օրենքները փոխարինվեցին
քրեական աշխարհի հարաբերություններով, արմատավորվեց ու խրախուսվեց տգիտությունը, ետ
շրջվեց ժողովրդավարության գործընթացը, արհամարհվեցին մարդու իրավունքները, քաղաքացին
մնաց անպաշտպան ինչպես պետական մեքենայի, այնպես էլ իրեն արտոնյալ վիճակում դրած ավազակապետական
«էլիտայի» հանդիման։ Աղետաբեր ներքին քաղաքականության առարկայական արդյունքն ու չափանիշը
խաղաղ պայմաններում կայուն աճող արտագաղթն է, ինչը ժողովրդագրական խնդիրը երկրի ազգային
անվտանգության համար դարձնում է թիվ մեկ սպառնալիքը։ Հայ Ազգային Կոնգրեսը
ձեւավորվել է որպես համաժողովրդական շարժում, որպես հակազդեցություն 2008 թ. կեղծած նախագահական ընտրությունների
արդյունքում վերահաստատված ռեժիմին՝ նպատակ ունենալով վերականգնել խաթարված սահմանադրական
կարգը, կազմաքանդել ավազակապետական համակարգը եւ կոռուպցիոն բուրգը, քաղաքական կյանքը
վերադարձնել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների նորմերին։ Հինգ տարի շարունակ
իր ամենօրյա պայքարը մղելով որպես տասնյակ քաղաքական ուժերի եւ տասնյակ հազարավոր անհատների
համախմբում՝ Հայ Ազգային Կոնգրես ժողովրդավարական շարժումը լուծել է կարեւոր ընթացիկ
խնդիրներ՝ սասանել է ռեժիմի հիմքերը, հետամուտ եղել մարդու իրավունքների եւ ժողովրդավարության
նորմերի պահպանմանը, քաղաքականապես կրթել ու քաղաքացիական շունչ է հաղորդել հասարակությանը,
խոչընդոտել է ռեժիմի կողմից ժողովրդի կատարյալ ահաբեկմանը, նպաստել քաղաքացիական հասարակության
ձեւավորմանը։ Իր առջեւ դրված առաջնահերթ քաղաքական խնդիրները լուծելու հաստատակամությամբ
եւ Հայաստանն ազատ ու արժանապատիվ քաղաքացու երկիր դարձնելու նպատակով՝ Հայ Ազգային
Կոնգրեսը վերածվում է առավել կազմակերպված քաղաքական ուժի՝ որպես քաղաքական ժառանգություն
ու հենք ունենալով 1988-ի ժողովրդավարական շարժման եւ այդ հիմքի վրա կառուցված պետականության,
2008 թ. համաժողովրդական շարժման ավանդները եւ դավանած պետականության հիմնադրույթները։
Ըստ այդմ՝ սույն ծրագիրի հիմքում ընկած են Հայոց Համազգային Շարժման, Հայ Ազգային Կոնգրեսի,
ինչպես նաեւ 2008 թ. նախագահական եւ 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ծրագրային
փաստաթղթերը։ «Կուսակցությունը շարունակելու է ինտեգրումը եւ ակտիվ աշխատանքը եւրոպական
եւ համաշխարհային լբերալ կառույցներին» *** Արդեն շուրջ 15 տարի
Հայաստանն ապրում է ոչ օրինակարգ իշխանության եւ
սահմանադրական կարգի խաթարման պայմաններում։ Այս հանգամանքը թելադրում է Ծրագրում
ունենալ որոշակի առաջնահերթ, մեկանգամյա
լուծելիք խնդիրներ, առանց որի անիմաստ է հասարակական կյանքը սոցիալ-ազատականության
կամ քաղաքական որեւէ այլ գաղափարախոսության վրա վերափոխելու որեւէ ծրագիր։ Նույն ընթացքում
ավազակապետական ռեժիմը ավերածություններ է գործել նաեւ քաղաքական դաշտում՝ հասարակական-քաղաքական
մտքի ու գաղափարների բնագավառում, ուստիեւ սույն Ծրագրում անհրաժեշտաբար արված են նաեւ
հանրահայտ իրողությունների արձանագրումներ, երկրի բնականոն զարգացման դեպքում որոնք
ժամանակավրեպ պիտի համարվեին երկուսուկես տասնամյա պետականություն ապրած երկրի ու նրա
քաղաքական մտքի համար։
ՀԻՄՆԱՐԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ Իշխանության հասնելու եւ
իր ծրագրերն իրականացնելու համար Հայ Ազգային Կոնգրեսը գործելու է բացառապես օրինականության շրջանակներում՝
իր գաղափարներին համահունչ ձեւավորելով ժողովրդի քաղաքական կամքը։ Ոչ սահմանադրական
ճանապարհով իշխանության գրավումը, անգամ ամենահնչեղ կարգախոսներով, ծրագրերով ու ցանկություններով,
բերում է ճիշտ հակառակ՝ պետության եւ ժողովրդի համար կործանարար արդյունքի։ Երկրի ինչպես ներքին,
այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրները պետք է ձեւակերպվեն քաղաքական իրատեսության հիմքի վրա։ Քաղաքական հաշվարկները պետք է կատարել` ելնելով սեփական ուժերից ու հնարավորություններից, այդ թվում նաեւ՝ որեւէ հարցում
դաշնակիցներ ձեռք բերելու կարողությունից։ Սեփական ուժերի սխալ հաշվարկը, օտարին ապավինելու
հիմքի վրա կառուցված քաղաքական խնդիրները կամ սեփական ուժերին եւ հնարավորություններին
անհամաչափ քայլերի կատարումը կարող են բերել անդառնալի կորուստների։ Արտաքին գործոնները որոշակի քաղաքական խնդիրներ
լուծելիս կարող են միայն օժանդակ դեր խաղալ։ Հայ Ազգային Կոնգրեսն
անընդունելի է համարում արտաքին քաղաքական որեւէ կողմնորոշում՝ որպես ազգի հավերժական
դիրքորոշում: Դա հակասում
է ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքին, անկախ պետականության գաղափարին, եւ թուլացնում
է ազգի կենսունակությունը։ Անկախ պետականությունը – Անկախ պետականությունը յուրաքանչյուր ազգի ազատության եւ ինքնորոշման
իրավունքի իրացումն է, ինչը ձեւակերպված է որպես ազգերի ինքնորոշման համամարդկային
սկզբունք։ Ազգի գոյատեւման, զարգացման ու բարգավաճման, անհատի ազատության եւ արժանապատիվ
կյանքի ապահովման միջոցն անկախ ժողովրդավարական պետությունն է։ Պետության գործառույթն
այդ խնդիրների լուծման համար ներքին եւ արտաքին լավագույն պայմանների ստեղծումն ու
խոչընդոտների վերացումն է։ Պատմականորեն ձեւավորված թյուրըմբռնում
է ազգային եւ պետական շահերի տարբերության մասին պատկերացումը։ Անկախ պետականության
պայմաններում ազգային գերագույն արժեքը սահմանադրությամբ օժտված, ժողովրդավար, ազատ,
անկախ պետությունն է։ Պետության հոգածության առաջնային օբյեկտը քաղաքացին է։ Ներքին
թե արտաքին ասպարեզներում պետության հետապնդած յուրաքանչյուր խնդիր պետք է անմիջապես
կամ միջնորդավորված բխի Հայաստանի ժողովրդի եւ քաղաքացու շահերից ու սպասարկի նրանց
կարիքները։ Երկրի ապահովության խնդրի համապարփակ լուծման համար կարեւոր նշանակություն
ունեն Հայաստանի բարիդրացիական հարաբերություններն անմիջական հարեւանների՝ կովկասյան
եւ մերձավորարեւելյան երկրների հետ, ինչպես նաեւ բնականոն հարաբերությունների ապահովումն
աշխարհի այլ պետությունների ու միջազգային կառույցների հետ։ Ազգային անվտանգության
առումով անթույլատրելի է ինչպես երկրի տարածքում այլ երկրների պետական սեփականության
գոյությունը, այնպես էլ օտարներին երկրի ներքաղաքական կյանքին միջամտելու եւ ուղղորդելու
այլ կարգի լծակների տրամադրումը։ Արտաքին վտանգներին համաչափ
ռազմական կարողությունների եւ պաշտպանական մասնագիտացված կառույցների ձեւավորումն անկախ
պետականության հրամայականն է, ինչը ժամանակակից աշխարհում պահանջում է տնտեսական համակարգի
բարձր զարգացվածություն եւ ֆինանսատնտեսական մեծ ռեսուրսներ։ Ուստիեւ՝ որպես պետական
անկախության, անվտանգության երաշխիք, մեծանում է զարգացող ու մրցունակ տնտեսության,
սոցիալական արդարություն ապահովող համակարգերի, համաշխարհային եւ տարածաշրջանային կառույցներին,
տնտեսական ծրագրերին ինտեգրվելու դերը։ Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի
պահպանությունը, վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը, մարդու առողջությանը
եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքը՝ որպես
ազգայն անվտանգության եւ կայուն տնտեսական զարգացման անկյունաքարերից մեկը։ Ժողովրդավարության, օրինականության
եւ իրատեսական քաղաքականության սկզբունքներով առաջնորդվելու դեպքում, Հայաստանը կարող
է դառնալ տնտեսապես շահավետ, բանուկ ճանապարհների խաչմերուկ՝ դրանով իսկ ստանալով ոչ
միայն տնտեսական զարգացման խթան, այլեւ պետական անվտանգության լրացուցիչ երաշխիքներ։
Ժողովրդավարությունը - Ժողովրդավարությունն
ավելի, քան որեւէ այլ քաղաքական համակարգ, պաշտպանում է մարդու արժանապատվությունը
եւ ենթադրում մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորված պաշտպանություն, քաղաքական
բազմակարծության ապահովում, իշխանությունների հստակ տարանջատման սկզբունքի
կիրառում, օրենքի գերակայություն եւ բոլորի հավասարություն օրենքի առջեւ,
իշխանության ձեւավորում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների միջոցով,
իրավական եւ սոցիալական պետության կայացում, էթնիկական, կրոնական եւ մշակութային
բազմազանության հարգում, փոքրամասնության իրավունքների երաշխավորված
պաշտպանություն։ Ժողովրդավարության պայմաններում է հնարավոր առավելագույնս
ապահովել պետության իրավականությունը եւ սոցիալական արդարությունը։ Ժողովրդավարության հիմունքներով
ընտրված եւ իր պատասխանատվությունը գիտակցող իշխանությունը կարող է պատրաստ լինել
անհրաժեշտ որոշումներ ընդունել նաեւ այն դեպքում, երբ հանդիպում է հասարակական
կարծիքի դիմադրությանը։ Միայն դրան ընդունակ իշխանությունն է, որ կարող է իրականացնել
անհրաժեշտ քաղաքական շրջադարձերը, ապահովել փոքրամասնության իրավունքները,
արդարացնել իր պատասխանատվությունը ներկա եւ գալիք սերունդների առջեւ։ Կարեւորելով նաեւ ներկուսակցական
ժողովրդավարության դերն ու նշանակությունը, Կոնգրեսը նախատեսում է կուսակցության ներսում
ֆրակցիաների գոյությունը եւ հանձնարարում է նորընտիր վարչությանը մշակել եւ հաջորդ
համագումարին ներկայացնել ֆրակցիաների գործունեության կանոնակարգը։ Իրավական
պետությունը – Իրավական պետության գաղափարը հակադրությունն է ամեն տեսակ կամայականությունների՝
մեծամասնության դիկտատուրա, բռնապետություն, ոստիկանական պետություն կամ, ինչպես Հայաստանում
է՝ ավազակապետություն։ Ժողովրդավարական, իրավական պետության ստեղծման համար անհրաժեշտ
է առաջնորդվել Սահմանադրությամբ։ Պատիժը պետք է նշանակվի բացառապես հրապարակված եւ
հստակ որոշակիացված նորմերին եւ ընթացակարգերին համապատասխան։ Բոլորը հավասար են օրենքի
առջեւ եւ հավասարապես պաշտպանված օրենքով՝ անկախ իրենց քաղաքական, սոցիալական եւ տնտեսական
դիրքից։ Պետք է գործեն անկախ, անկողմնակալ եւ մատչելի դատարաններ։ Իրավական համակարգը
կարգավորում է ազատ մարդկանց խաղաղ համակեցությունը։ Իրավական պետության պայմաններում
քաղաքացիների միջեւ ծագող եւ այլ կոնֆլիկտները լուծվում են ոչ թե ուժեղի կամքի, այլ
օրենքի եւ իրավունքի հիման վրա։ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ Ազատությունը – Բոլոր մարդիկ ծնվում են ազատ եւ ունեն ազատության իրավունք։ Ժողովրդի ազատությունն ինքնորոշման, անկախ ազգային պետականությամբ ապրելու իրավունքն է։ Ազատ Հայաստանը կարող է ապահովել իր քաղաքացների ազատությունը։ Մարդու ազատությունը սահմանափակված է այլ անձանց եւ ժողովրդի ազատությունը՝ այլ ժողովուրդների ազատության իրավունքը չխախտելու սկզբունքով։ ՀՀ քաղաքացին ու նրա ազատությունը գերագույն արժեք են։ Ազատության ապահովումը հնարավոր է անկախ պետականության, օրինակարգ իշխանության, ժողովրդավարության պայմաններում՝ անհատի արժանապատվության, մարդու հիմնարար իրավունքների պահպանմամբ։ Լիարժեք ազատությունը ներառում է անձնական եւ համատեղ պատասխանատվություն։ Սոցիալական արդարությունը – Ազատությունը եւ սոցիալական արդարությունը փոխկապակցված են. ազատությունը կարող է պահպանվել այն հասարակություններում, որոնք ձգտում են սոցիալական արդարության։ Սոցիալական արդարությունը հնարավորությունների հավասարության սկզբունքի կիրառմամբ ապահովում է մարդու ազատ եւ առավել դյուրին անցման հնարավորությունը սոցիալապես պակաս ապահով խմբից առավել ապահովը։ Պետությունը մարդու ստացած տարբեր տեսակի եկամուտների միջեւ համապատասխան նորմատիվային կապի օրենսդրորեն ապահովման եւ պրոգրեսիվ հարկային քաղաքականության միջոցով պետք է ապահովի բոլորի՝ առողջապահության, կրթության եւ այլ համակարգերից օգտվելու հավասար հնարավորությունը։ Խաղաղությունը – Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի իր քաղաքացիների անվտանգության երաշխավորը: Պետությունը պետք է այդ անվտանգությունն ապահովի հզոր, մարտունակ բանակի ստեղծմամբ, հավաքական անվտագության հուսալի համակարգերում ընդգրկվելու եւ արտաքին վտանգները նվազեցնելուն ուղղված հավասարակշիռ արտաքին քաղաքականությամբ: Հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը, տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությանը նպաստելը Հայաստանի անվտանգության ապահովման կարեւոր գործոն է, ինչին պետք է ուղղված լինի մեր արտաքին քաղաքականությունը։ Հայաստանի տնտեսական զարգացման լավագույն պայմաններն են հարեւան երկրների հետ հարաբերություններում խաղաղության պահպանումը, բարիդրացիական հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը։ Մարդու իրավունքները – Մարդու արժանապատիվ կյանքի ապահովման համար սոցիալական արդարության կողքին նույնքան անհրաժեշտ է մարդու իրավունքների ապահովումն ամբողջ ծավալով՝ նախատեսված ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ համապատասխան միջազգային փաստաթղթերով։ Քաղաքացին – Պետության հոգածության առաջնային օբյեկտը եւ արժեքը երկրի քաղաքացին է։ Ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ պետությունը պետք է հետապնդի միմիայն այնպիսի խնդիրներ, որոնք, անմիջապես կամ միջնորդավորված, բխում են քաղաքացու շահերից եւ կոչված են այդ շահերի, նրա անվտանգության, ազատ ու արժանապատիվ կյանքով ապրելու սպասարկմանը։ Հայոց լեզուն եւ ազգային մշակույթը – Հատուկ հոգածության առարկա պետք է լինի հայոց լեզուն՝ որպես ՀՀ պետական լեզու, որպես աշխարհի հնագույն, հարուստ եւ լեզուներից մեկը՝ ապահովելով դարեր ի վեր համամարդկային արժեքներ փոխանցողի եւ համամարդկայինին համահունչ՝ ուրույն հայկական արժեքներ ստեղծողի նրա գործառույթի շարունակականությունը։ Հայկական մշակույթի զարգացման պայմանները պետք է բավարարեն, մի կողմից՝ նրա ազգային նկարագրի պահպանմանը, մյուս կողմից՝ համաշխարհային մշակույթի նվաճումների յուարցմանը, ինչպես եղել է դարեր շարունակ։
ՍՈՑԻԱԼ-ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Ժողովրդավարությանը,
որպես պետության քաղաքական համակարգի կազմակերպման
ձեւի, համապատասխանում է շուկան՝ որպես տնտեսության կազմակերպման ձեւ։ Բոլոր քաղաքացիները
պետք է սեփականության տիրապետման հնարավորություն ունենան։ Սեփականության տիրապետելը
մարդուն ինքնուրույն որոշումներ ընդունելու հնարավորություն է տալիս եւ դրանով իսկ
ապահովում նրա անձնական ազատությունը։ Որպես գաղափարախոսական
ուղենիշ՝ կուսակցությունը որդեգրում է սոցիալ-ազատականությունը։ Այդ գաղափարախոսության
անունն իսկ ամփոփում է այն երկու հիմնական իղձերը` ազատություն եւ սոցիալական արդարություն,
որոնք եղել են եւ մնում են համաշխարհային պատմության հիմնական շարժիչ ուժերը։ Նորագույն պատմության ընթացքում ազատականության
ու սոցիալական արդարության համար պայքարողները հաճախ հայտնվել են հակադիր ճամբարներում,
եւ նույնիսկ այսօր այդ երկու գաղափարները հակադրելու փորձերը հազվադեպ չեն։ Ազատությունն ու սոցիալական արդարությունը, սակայն,
ոչ միայն հակադիր իղձեր չեն, այլեւ փոխկապակցված են եւ միմյանց փոխլրացնող, քանի որ
հնարավոր չէ ունենալ ազատ հասարակություն՝ միաժամանակ չձգտելով սոցիալական արդարության,
ինչպես հնարավոր չէ ապահովել արդարություն, երբ սահմանափակված են քաղաքացիական եւ տնտեսական
ազատությունները։ Սոցիալ-ազատականութունը
ենթադրում է հավատարմություն շուկայական տնտեսության սկզբունքներին եւ գտնում է, որ
պետությունը չի կարող լինել ժողովրդավարական՝ միաժամանակ մերժելով տնտեսության շուկայական
կազմակերպման մոդելը։ Այդ մոդելի հիմքում ընկած
է մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը եւ մասնավոր ձեռնարկատիրության քաջալերումը։ Սոցիալ-ազատականությունը, հիմնականում ընդունելով
շուկայի՝ որպես ինքնակարգավորվող համակարգի դերը, այնուամենայնիվ, նախատեսում է պետության կարգավորիչ այնպիսի ներգործություն,
որն ուղղված է ազատականության, ազատ մրցակցության համար հավասար պայմանների պաշտպանությանը,
բոլորի տնտեսական նախաձեռնության խրախուսմանն ու գործարար շրջանակների ընդլայնմանը։ Սոցիալ-ազատականությունը
չի սահմանափակում պետության գործառույթները բացառապես երկրի պաշտպանությամբ եւ կարգուկանոնի
ապահովմամբ։ Սոցիալ-ազատական գաղափարախոսությունը
պետության համար գործառույթների ավելի լայն շրջանակ է նախատեսում։ Մասնավորապես, պետությունը
պետք է ունենա որոշակի երաշխիքներ տրամադրողի եւ մեկնարկային հավասարություններ ապահովող
ինստիտուտի գործառույթ։ Խոսքը վերաբերում է
հատկապես հասարակության առավել խոցելի խավերի համար արժանապատիվ կյանք ապահովելուն,
համընդհանուր առողջապահական ապահովագրությանը եւ յուրաքանչյուր անհատի համար որակյալ
կրթություն, այդ թվում բարձրագույն եւ մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն
ընձեռելուն։ Սոցիալ-ազատական
գաղափարախոսությունը շեշտը դնում է հնարավորությունների, եւ ոչ արդյունքների հավասարության
վրա, տնտեսական կարողությունների գերկենտրոնացումն ու հասարակության սուր շերտավորումը
համարում սպառնալիք՝ ուղղված հավասար մեկնարկային հնարավորությունների սկզբունքին։ Գերկենտրոնացումն ու սուր շերտավորումը սպառնալիք
են նաեւ ժողովրդավարական կառավարման համար, քանի որ չափազանց մեծ կարողություններ վերահսկող
ուժերն ընտրությունների, քաղաքականության եւ պետական որոշումների վրա ազդելու անհավասար
եւ արտոնյալ հնարավորություններ են ձեռք բերում։
Սոցիալ-ազատականությունը պրոգրեսիվ հարկման մեխանիզմը,
ինչպես նաեւ որոշակի սահմանից անդին ժառանգության հարկումը համարում է նման հետեւանքներից
խուսափելու անհրաժեշտ միջոց։ Խնդիրը հատկապես արդիական է այսօրվա Հայաստանի համար,
քանի որ տնտեսության ապօրինի մենաշնորհացումը, տնտեսական ռեսուրսների գերկենտրոնացումը
մի քանի ընտանիքների ձեռքում եւ տնտեսական շերտավորումը աղետալի չափերի են հասել, եւ
պահանջում է պետության նշանակալից միջամտություն՝ երկիրը դեպի իրական ազատականություն
տանելու նպատակով: ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Սահմանադրական կարգի վերականգնումից
հետո անհրաժեշտ է հետեւողականորեն իրականացնել երկրորդ սերնդի բարեփոխումները։ Բարեփոխումների
առաջնահերթ կարիք ունեն ընտրական համակարգը, դատաիրավական, առողջապահության, կենսաթոշակային,
բարձրագույն կրթության եւ գիտության, հանրակրթության, գյուղատնտեսության, բնապահպանության,
մշակույթի բնագավառները, որոնցից յուրաքանչյուրի համար առանձին Հայ Ազգային Կոնգրեսը
պաշտոնապես ներկայացրել է մանրամասն ծրագրեր։ Այլ բնագավառների բարեփոխման ծրագրային
թեզերն ամփոփված են Կոնգրեսի՝ Հայաստանի համակարգային վերափոխման «100 քայլ» ծրագրում։ Ներքին
քաղաքականության առաջնահերթ խնդիրներ
Օրինականության վերականգնում
Տնտեսական բնագավառ
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Սոցիալական քաղաքականության հիմքում պետք է ընկած լինեն աղքատության վերացման, սոցիալական արդարության ապահովման, զբաղվածության եւ ծնելիության խթանման խնդիրները, որոնց լուծման համար, առաջին հերթին, անհրաժեշտ է իրականացնել հետեւյալ անհետաձգելի միջոցառումները.
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ,
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՄՇԱԿՈՒՅԹ
| |
Դիտումներ: 1627 | | |