Լյութեր Ջորջ Սիմջյան անգլ.՝ Luther George Simjian հայազգի գյուտարար է
հունվարի 28, 1905թ. - հոկտեմբերի 23, 1997թ.
Լյութեր Ջորջ Սիմջյանը հեղինակ է բազմաթիվ սարքերի և ունի 200-ից ավել արտոնագրեր:
Ծնվել է Այնթապում՝ Օսմանյան Թուրքիայ։ Եղեռնից մազապուրծ փախել է Բեյրութ, այնուհետև` Մարսել: 1920 թվականին արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: 15 տարեկանից աշխատում է լուսանկարիչ: Յեյլի բժշկական դպրոցի (Yale School of Medicine) լաբորատորիայում որպես լաբորատորիայի լուսանկարիչ աշխատելու տարիներին նվիրվում է բժշկության ուսումնասիրմանը: Ավելի ուշ, 1928 թվականին, դառնում է լուսանկարչական բաժանմունքի տնօրեն և ստեղծում է մի քանի սարք, ինչպիսին է նկարների մանրադիտակի լուսարձակը: 1934 թվականին տեղափոխվում է Նյու Յորք:
Բանկոմատի գյուտ
1939 թվականին Սիմջյանի մոտ ծնվեց կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի (անգլերեն` Automated Teller Machine- ATM) ստեղծման գաղափարը: Ի հեճուկս բանկերի թերահավատության նա մինչև 1960 թվականը գրանցում է 20 արտոնագիր` կատարելագործելով սարքը` հիմք ստեղծելով այսօրվա բանկոմատների համար: Վերջապես, 1960 թվականին նա պայմանագիր կնքեց Նյու Յորքի City Bank-ի (այսօր` Citibank) իր սարքը վեց ամիս ժամկետով փորձնական շահագործելու վերաբերյալ: Սակայն վեց ամիս անց պայմանագիրը խզվեց, քանի որ այն ժամանակ սարքն այսօրվա պես պահանջարկ չուներ: Ընդ որում, Սիմիջյանն առանձին արտոնագրել է ինչպես թղթադրամի, այնպես էլ` 1965 թվականին` մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը:
Այլ գյուտեր
Սիմջյանն առևտրային հաջողություն ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ հայտնագործեց ռազմական թռիչքների սիմուլյատորը, որն օգտագործվում էր ԱՄՆ ռազմական օդաչուների մարզումներում գնահատելու համար ավիատեխնիկաների արագությունն ու միջտարածությունը: Այն բաղկացած էր հայելուց, լույսի աղբյուրից և փոքր սավառնակներից: |