Մովսես Խորենացի
Հայոց Պատմահայրը,
Ոսկե Դարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան
մոտ 410թ. - մոտ 490թ.
Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատությունը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ։ Հայ սերունդները ակնածանքով ու երախտագիտությամբ են հիշել Խորենացուն, մեծարել նրան «Պատմահայր», «Մեծն Մովսես», «Քերթողահայր»,«Տիեզերահռչակյալ» և այլ պատվանուններով:
Կյանքը
Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են: Դրանց մեծ մասը հաղորդում է ինքը՝ հեղինակը, իր «Հայոց պատմության» մեջ պատահական կերպով: Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար` Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում, մեկ այլ վարկածով՝ Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա(ն) գյուղում: Ենթադրվում է, որ 15-16 տարեկան հասակում, այսինքն մոտ 427 թ, նա ուղարկվում է Վաղարշապատ: Վաղարշապատի դպրոցում նա եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կրտսեր աշակերտներից։ Այստեղ նա ուսանում է 5-6 տարի՝ բացի հայերենից սովորելով նաև հունարեն և ասորերեն: 431 թ հետո` հավանաբար 434-435 թթ ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։ Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին և ճանապարհվում դեպի Հունաստան: Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը: Օգտվելով առիթից հայ երիտասարդներն այցելում են Հռոմի սրբավայրերը, այնուհետև մեկնում են Աթենք: Ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս են Հայաստան։ Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն 440 թ փետրվարից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»:
Չնայած իր նկատմամբ եղած հալածանքին և անտարբերությանը՝ Խորենացին եռանդուն կերպով զբաղվում է գրական աշխատանքով. կատարում է թարգմանություններ, գրում ինքնուրույն երկեր։ Զրույց է պահպանվել, թե ծերության տարիներին Պատմահայրը գնահատվել և արժանացել է մեծարանքի, ստացել է եպիսկոպոսական աստիճան:
Նա ապրում է զրկանքներով լի կյանք՝ վախճանվելով, ենթադրաբար, 490-ական թվականների սկզբին հիվանդության ու աղքատության մեջ:
Աշխատություններ
«Հայոց պատմություն»
Միջնադարյան ձեռագրերը Մովսես Խորենացուն են վերագրում ինքնուրույն և թարգմանական մի շարք երկեր՝ ճառեր, թղթեր, ներբողյաններ, հոգևոր երգեր՝ շարականներ, քերականական, փիլիսոփայական աշխատանքներ, թարգմանություններ։ Բայց նրա մատենագրական վաստակի թագ ու պսակը «Պատմություն Հայոց» երկն է, որը նա գրել է իշխան Սահակ Բագրատունու խնդրանքով։ Խորենացու «Հայոց պատմությունը» բաղկացած է երեք մասից, որոնք հեղինակը կոչել է գրքեր: 1-«Հայոց մեծերի ծննդաբանությունը» 2-«Միջին պատմություն մեր նախնիների» 3-«Մեր հայրենիքի պատմության ավարտը»
Առաջին գիրքը կազմված է 32 գլխից, կրում է «Հայոց մեծերի ծննդաբանությունը» վերնագիրը և հիմնականում պանծացնում է հայոց Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ նահապետներին, Պարույր Սկայորդի, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Մեծ թագավորներին:
Երկրորդ գիրքը կոչվում է «Միջին պատմություն մեր նախնիների», կազմված է 92 գլխից և ընդգրկում է Հայաստանում Արշակունիների թագավորության շրջանի պատմությունը` մինչև Տրդատ Մեծի գահակալությունը, երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչվելը:
«Մեր հայրենիքի պատմության ավարտը» խորագրով վերջին գիրքը կազմված է 68 գլխից և արտացոլում է Տրդատ արքայի մահից հետո Հայաստանի քաղաքական կյանքում աստիճանաբար տեղի ունեցած անկումը` մինչև ազգային պետականության կորուստը, ինչպես նաև հայ գրերի գյուտը, Սահակի (439 թ) ու Մեսրոպի (440 թ) վախճանը:
Այս գրքերից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է մանր գլուխների, որոնք ունեն իրենց վերնագրերը: «Պատմությունն», այն տեսքով, ինչպես մեզ է հասել, ավարտվում է հայտնի «Ողբ»-ով: Սակայն Ժ դարի պատմիչ Թովմա Արծրունին հստակորեն վկայում է, որ Խորենացին իր «Պատմության» շարադրանքը հասցրել է մինչև Հռոմեական (Բյուզանդական) Զենոն կայսեր ժամանակը (474-475 թթ, ապա` 475-491 թթ), այսինքն երկն ունեցել է նաև չորրորդ մաս:
Աստվածաբանական աշխատություններ
Մովսես Խորենացու գրչին վերագրվում են մի շարք աստվածաբանական աշխատություններ։ Նշանակալի է «Պատմութիւն Սրբուհւոյն Աստուածածնի և պատկերի նորա» երկասիրությունը, որը իրենից ներկայացնում է Մովսես Խորենացուն հղված Վասպուրականի մեծ իշխան Սահակ Արծրունու նամակի պատասխան՝ «Պատասխանի թղթոյն Սահակայ» վերտառությամբ։ Հեղինակը մանրամասն անդրադառնում է Մարիամ Աստվածածնի ազգաբանությանը, մեկնաբանում նրա կենսագրության առանձին դրվագներ, շարադրում նրա պատկերի պատմությունը, ներբողում Աստվածամորը։ Արժեքավոր է նաև «Պատմութիւն Սրբոց Հռիփսիմեանց» վարքագրական երկասիրությունը, որտեղ առկա են Ագաթանգեղոսի մոտ բացակայող՝ Հայաստանում քրիստոնեության տարածման առանձին մանրամասներ։ Այս աշխատությունը սերտորեն աղերսվում է «Ներբող ի Սուրբն Հռիփսիմէ» քնարերգական ստեղծագործությանը, որը V դ հայ եկեղեցական գրականության ամենանշանակալի երկերից է։ Ճանաչողական մեծ արժեք ունի «Յաղագս Վարդավառին խորհրդոյ» ներբողը (բանասիրության մեջ ավանդաբար անվանվել է «Ճառ»)։ Այստեղ հեղինակը փառաբանում է Հիսուս Քրիստոսի այլակերպությունը, ծնունդը և հրաշագործությունները։ Պատմագրի անունով մեզ են հասել փիլիսոփա-դավանաբանակն մի քանի երկասիրություններ՝ «Հարցմունք Հոբնաղի և պատասխանիք Մովսէսի Հայոց Քերթողի և Դավիթ Անյաղթ փիլիսոփայի», «Վիճումնական հարցաբանութիւն Մելիտոսի յունաց փիլիսոփային ընդ Աթէնականն Մովսէս փիլիսոփային Հայոց տրամաբանական ոճիւ», «Սրբոյն Թէովդորոսի ծննդեանն և սննդեանն եւ վարուց նորա», «Թուղթք» և այլն, որոնց հեղինակային պատկանելությունը դեռևս պարզված չէ։
Թարգմանություններ
Մովսես Խորենացու՝ հունարենից կատարված թարգմանություններից արժեքավոր է Կեղծ Կալիսթենեսին վերագրվող «Պատմութիւն վարուց Աղեքսանդրին» երկը։ Այդ թարգմանությամբ է պայմանավորված հայ միջնադարյան քնարերգության յուրահատուկ տեսակներից մեկի՝ կաֆաների ժանրային ձևավորումը, ինչպես և մանրանկարչության մեջ աշխարհիկ թեմատիկայի սկզբնավորումը։ Մովսես Խորենացին թարգմանել է նաև Գրիգոր Նազիանզացու «Ճառերի» զգալի մասը։ Նրա վաղ շրջանի ստեղծագործություններից է համարվում
Գիրք պիտոյից
«Գիրք պիտոյից»-ը համարվում է Խորենացու վաղ շրջանի ստեղծագործություն, ճարտասանական վարժությունների («նախակրթությունների) ժողովածու է: Բաղկացած է 10 գլխից (ըստ ընդգրկված վարժությունների տեսակների):