Սուրեն Աղաբաբյան
հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1969), ՀՍՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1974), Հայկական ԽՍՀ 1979 թվականի պետական մրցանակի դափնեկիր («Եղիշե Չարենց» երկհատոր մենագրության համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949-ից։
1922, հունվարի 22, Ղարաքիլիսա - 1986, մարտի 19
Ծնվել է Ղարաքիլիսա (այժմ` Վանաձոր) քաղաքում։
1944-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի եվրոպական լեզուների և գրականության բաժինը։
1945-48-ին սովորել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։
1945-51-ին աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ, պատասխանատու քարտուղար։
1950-51-ին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի քննադատության բաժնի վարիչը։ 1954-86-ին եղել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում սովետական գրականության բաժնի վարիչ։
1950-ին «Գյուղը Նաիրի Զարյանի ստեղծագործության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1963-ին «Ակսել Բակունց» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
Կազմել և խմբագրել է «Հայ սովետական գրականության պատմություն» (1966, ռուսերեն) աշխատությունը։ Ռուսերեն լույս են տեսել Ստեփան Զորյանին, Նաիրի Զարյանին և Ակսել Բակունցին նվիրված նրա մենագրությունները։ Միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի համար գրել է «Հայ սովետական գրականություն» դասագիրքը (1969-86)։ Գրել է «Սովետական բազմազգ գրականության պատմություն» վեցհատորյակի առաջին և երրորդ հատորների (1970, ռուսերեն) հայ գրականությանը նվիրված գլուխները։ 1976-ին Մոսկվայում ռուսերեն լույս տեսավ նրա «Հայ գրականություն» բուհական դասագիրքը (հեղինակակիցներ Վաչե Նալբանդյան, Սերգեյ Սարինյան)։ 1980-ին Երևանում ռուսերեն լույս է տեսել նրա «Հայ գրականության կերպարները և ոճերը» քննադատական հոդվածների ժողովածուն։
Պարգևատրվել է «Պատվո նշան» (1972) և ժողովուրդների բարեկամության (1982) շքանշաններով։ Մահացել է Երևանում։
Ս. Աղաբաբյանի երկերի մատենագրություն
Նաիրի Զարյան, Երևան, Հայպետհրատ, 1954, 220 էջ։
Նաիրի Զարյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 132 էջ։
Ստեփան Զորյան, Երևան, ՀԱԱՀ ԳԱ, 1955, 207 էջ։
Ակսել Բակունց, Երևան, Հայպետհրատ, 1959, 252 էջ։
Գուրգեն Մահարի, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1959, 152 էջ։
Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորի «Սովետահայ գրականությունը 20-ական թվականներին», «Մովսես Արազի», «Ակսել Բակունց», «Ստեփան Զորյան», «Գուրգեն Մահարի» և «Մկրտիչ Արմեն» գլուխները գրել է Ս. Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
Արձագանքներ, Երևան, Հայպետհրատ, 1963, 306 էջ։
Ակսել Բակունց, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1963, 504 էջ։
Արդիականություն և գրականություն, Երևան, «Հայաստան», 1965, 268 էջ։
Սովետահայ գրականության պատմություն, երկրորդ հատոր (1941-1964, հատորի «Գրականությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին», «Հետպատերազմյան արձակը», «Նաիրի Զարյան», «Հրաչյա Քոչար», «Հովհաննես Շիրազ», «Համո Սահյան», «Սերո Խանզադյան» և «Սիլվա Կապուտիկյան» գլուխները գրել է Ս. Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
Հայ ժողովրդի պատմություն, հատոր 7 (հատորի «Սովետահայ գրականություն» գլուխը գրել է Ս. Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
Հայ ժողովրդի պատմություն, հատոր 8 (հատորի «Գրականություն» գլուխը գրել է Ս. Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1970, 580 էջ։
Ակսել Բակունց, Երևան, «Հայաստան», 1971, 276 էջ։
Եղիշե Չարենց, գիրք 1, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1973, 442 էջ։
Գրական հերկերում, Երևան, «Հայաստան», 1974, 316 էջ։
Գուրգեն Մահարի, Սուրեն Աղաբաբյան, Հրանտ Թամրազյան, Մկրտիչ Սարգսյան, Հովհաննես Շիրազի մասին, Երևան, «Հայաստան», 1974, 104 էջ։
Ստեփան Զորյան, Երևան, «Սովետական գրող», 1976, 108 էջ։
Եղիշե Չարենց, գիրք 2, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1977, 399 էջ։
Դերենիկ Դեմիրճյան (ծննդյան 100-ամյակի առթիվ), Երևան, «Գիտելիք», 1977, 58 էջ։
Դեպի աղբյուրը լույսի (գրականագիտական-քննադատական հոդվածների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1979, 348 էջ։
Արամաշոտ Պապայան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1979, 76 էջ։
Հայ սովետական գրականությունը վաթսուն տարում, Երևան, «Գիտելիք», 1980, 64 էջ։
Գրականությունը և ժամանակը. սովետահայ գրականության զարգացման հարցեր (ժողովածուում տեղ է գտել նաև Ս. Աղաբաբյանի հոդվածը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1980, 360 էջ։
Հոդվածներ, դիմանկարներ, հուշեր, Երևան, «Սովետական գրող», 1982, 368 էջ։
XX դարի հայ գրականության զուգահեռականներում, գիրք 1 (հետազոտությունների, հոդվածների, գրախոսությունների և հուշադիմանկարների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1983, 432 էջ։
XX դարի հայ գրականության զուգահեռականներում, գիրք 2 (հոդվածների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1984, 524 էջ։
Հովհաննես Շիրազ (գրական էտյուդներ), Երևան, «Սովետական գրող», 1984, 84 էջ։