Տիգրան Մանսուրյան հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984)
1939, հունվարի 27
Ծնվել է Բեյրութում։ 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան։ 1956-1960-ին Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան)5
1960-1965-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ և ավարտել է 1967 թ. ասպիրանտուրան։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։ Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաններից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան: Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում,Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են` իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։ Գրել է նաև մի շարք ֆիլմերի երաժշտությունը, ինչպես` «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Նռան գույնը»,«Հին օրերի երգը» և այլն։
Հեղինակ է գլխավորաբար նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։ |