ԵՐԱԺՇՏԱԿԱՆ
ՙ
«Չի կարելի»-ների ու «Պետք է»-ների
հողակտոր
գետեր
ծառեր
ծովեր, լճեր, գործարաններ
որտեղ աշխատում են մարդիկ
գրեթե homo sapiens-ներ
և ահռելի քանակությամբ երաժշտական դպրոցներ
որտեղ երեխաները կրկնում են՝
դո, ռե, մի, ֆա, սոլ
և ջազային ակումբ
որտեղ համաչափ ռիթմով
աշխատում են հարվածային գործիքները
դաշնամուրը
էլեկտրոնային կիթառները
նվագողների ոտքերը
ներկաների ոտքերը
ու հյութ են մատուցում
սառույցով
և ջիգիթներ
որ պտտվում են կրկեսի արենայում
ու ծաղրածու
ներկոտած քիթ ու մռութով
72 համարի կոշիկներով
և մնակապարտեզի ճաղերից կառչած մանուկներ
որ սպասում են իրենց մայրիկներին
կամ հայրիկներին
կամ գուցե տատիկներին ու պապիկներին
որոնք թոշակ են ստանում
կամ աշխատում են
և անթերի ձևավորումով ռեստորան
որտեղ արտասահմանյան հյուրեր կան
և փողկապեր
որ մեքենա ունեն
և սթափարաններ
որտեղ հետքեր չկան
ու դեղնած դաշտում աշխատում է կոմբայնը
տրակտորը
ֆաբրիկաներում չխչխկում են կարի մեքենաները
որոնց հաճախ են յուղում
և կոկիկ մազերով մանուկը
շարունակ կրկնում է
դո, ռե, մի, ֆա
դո, ռե, մի, ֆա
ֆա, ֆա, ֆա
և սոլ
որ չցավեն մանուկի մատները
և հետո՝ լյա, սի
ու նորից՝ դո
դո, դո, դո
հետո էլի՝ ռե, ֆա, սոլ
ու նորից՝ լյա, սի, դո
որ մանուկի մայրիկի
ու հայրիկի չքնաղ երազները
հօդս չցնդեն
ու ողջ հզորությամբ
աշխատում են տուրբոգեներատորները
խելակորույս ճիչեր են արձակում
ռոքմենները
ու ջազային իմպրովիզացիաներից
ունկնդիրներն ակամա կրկնում են
դո, ռե, մի, ֆա
ֆա, ֆա, ֆա
և երկնակամարով մեկ
գիշեր ու ցերեկ
սավառնում է նոտաների համակարգը՝
դո, ռե, մի, ֆա
սոլ, լյա, սի
|