Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Պոեզիա

Արմեն ֆոն Գևորգյան

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսում առաջացած քամի
գեղամա հեռուներից
սևանա ջրապաղությանը ձուլված
որ անտեսելով խաչմերուկների կարմիր լույսերը
խուժել է քաղաք
և հիսուն կիլոմետրանոց վազքից հոգնած
օպերայի մոտ
ծուլորեն սողոսկում է քաղաքաբնակների օձիքներից ներս
խուտուտ տալիս վերնաշապիկավոր կանանց կրծքերը
և ավտոբուսների սևագույն ծուխը
ծռմռում, ցրում
ու խառնում մոխրագույն ասֆալտից բարձրացրած փոշուն
դակված կտրոններին
սիգարեթների մնացորդներին
ու դարձնում շարժաթափանցիկ, տարածական քանդակ
 
Ու տաս մետրանոց ծառերի քնած տերևները
ցնցվում են ցնորված քամուց
վերջին ճիգերով կառչում տերերից
և չդիմանալով հուժկու հոսանքին
պոկվում, խառնվում են քամու քանդակին
 
Ու կարմիր կոշիկներով սև գուլպայավոր մի աղջիկ
անտարμեր անցնում է
Սարյանի մարմարաշքեղ արձանի մոտով
մտքում մի միտք միայն
թե ինչպես պիտի հայտնի հորը
հղի լինելու լուրը
որ երկու ամիս շարունակ
հոգի է հանել
 
Ու քամին
ստեղծագործելուց հոգնած
խցկվում է խոտերի մեջ
փարվում նրանց հողագույն արմատներին
ու լուռ վերջանում
 
1987 թ.



Կատեգորիա: Պոեզիա | Ավելացրեց: armenlur (21.03.2013)
Դիտումներ: 1137 | Տեգեր: ավանգարդ պոեզիա, Արմեն ֆոն Գևորգյան, պոեզիա | - Վարկանիշ -: 0.0/0