Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստեղծագործություններ » Պոեզիա

Արմեն ֆոն Գևորգյան


ՄԻ ՀԱՏՎԱԾ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻՑ

Աբովյան փողոցով իջնող մի աղջիկ
վարդագույն հագուստներով փաթեթավորված
և հունգարական «Ikarus» տիպի կարմիր ավտոբուս
զբոսաշրջիկների հղփացած աչքերով դիտող
անվրդով ակնոցներով
 
Սալահատակված գետին.
անցնում է մի տղա՝ քսանչորս տարեկան
կրունկները մի կողմից մաշված սև կոշիկներով
իսկ մատնեմատին
փոքրիկ խաչ կա դաջված
 
Սիզամարգ
որ սևահողից ցցվել են խուզված, ցեխազօծ խոտերը
ու «Սալյուտի» ճմրթած տուփով
ցանցավորված կարտոֆիլի փչացած հատիկներով
կոշիկի «Մասիս» ֆաբրիկայի կեղտոտ, ճղճղված ստվարաթղթով խցանված
բրոնզագույն աղբարկղ՝
մրից սևացած եզրաշերտով
և մի գեր տիկին՝ շատ մեծ հետույքով
ձեռքին՝ ցանցատոպրակ
մեջը՝ տուփով կարագ, պանրի փաթեթ ու
զուգարանի թուղթ
 
Բանջարեղենի խանութ
հերթերից հոգնած
գորշ գույնի խալաթով վաճառողուհի
արևածաղկի պես դեղին դիմագծերով
և անցնող մի զույգ, որ պիտի բաժանվի
քանի որ տղան իդեալ է փնտրում
իսկ աղջիկը նրա մեջ՝ աստված

Տասնհինգ մետրանոց ծառ
որի բունը հարավից դիտելիս նման է գլխիվայր կանգնած
մինչև կրծքատակը գետնի մեջ խրված
մերկ կնոջ
որն առաջին անգամ նկատել է Մուրադյան Մուրադը
եկած գավառական հեռուներից
քաղաքային կարոտը սրտում
 
Սև տուֆի անմշակ,
քառանկյուն կտորներով կառուցած հին հիմնարկ
վերափոխված տասնմեկ աստիճաններով
որտեղ ակադեմիկոսներ են նստում
և աշխատանքի վերջում
պետական մեքենաներով գնում տուն
 
Ահա և Աշոտ Անչափահասը
որ մի անգամ հարազատ Շիրակից Երևան էր եկել
և տուն դառնալու փող չէր մնացել
ու ընկերների հետ
(որոնք նույնպես փող չունեին)
օպերայի մոտ
Лз սերիայի 8541082 համարի հինգանոցը գտան
 
Հատող փողոց
երկկողմանի ընթացքով
ելևէջվող ասֆալտով ու մեքենաների վայրահաչ հոսքով
և էլեկտրասյուներ միացնող լարերից կախված
ճանապարհային կանոններ պարտադրող կապույտ նշան՝ սպիտակ սլաքներով
որ երեք ամիս առաջ շրջել է քամին.
փողոցը շտապով կտրող
խոժոռ հայացքով մի երիտասարդ
շքեղ կոստյումով
գնված ձեռքի վրայից՝ երկու հարյուր ռուμլով
որ տղան այդ պարտքը
վեց ամսում է մարել
 
Փոս ընկած մայթ
որտեղից քայլելիս մտածում ես
որ փիլիսոփայող մարդիկ դեռևս խելոք չեն
 
Յոթ-ութ հատ ավտոմատ հեռախոսախցիկ
որոնցից հնարավոր չէ զանգել Նյու-Յորք, Մոսկվա
կամ թեկուզ Եղվարդ
 
Դիմացում
լուսանկարչական սարքերի ու նյութերի նորաբաց խանութ
կողքին՝ հետագրատուն ու դրամատուն
որի մոտով ժամանակին շատ է անցել Շիրազը
 
Սրճարան
որից ինչ որ ժամանակ նրբերշիկի ու գինու հոտ էր գալիս
իսկ հիմա անունն ազդարարող ցուցանակն է միայն մնացել
և շուտով դառնալու է թատրոն.
այստեղով անցնող երեսունին մոտ մի տղամարդ
որ նման է աղջիկ փախցնելու անհրաժեշտությունից հրաժարված
և պոռնիկների վրա թքելու որոշում կայացրած մարդու
 
Կինոթատրոն
ճարտարապետական էկլեկտիկ ոճով
և դիմացում սպորտի հետ կապ ունեցող շինություն
որի ներքնահարկում բաղնիք կամ լողավազան կա
քանի որ մոտով անցնելիս գոլորշաօդ է փչում.
աստիճանների մոտ կանգնած է
չսափրված-չսանրված խուլ ու համր
որ թաքուն գիրք է վաճառում
գնից մի քիչ թանկ
 
Օ՛
ցուցասրահներով շենք
ավերված կայծակներ ու նատյուրմորտներ հեծած
նկարիչների կուռք
հյուրանոց շարունակությամբ
 
Չորս հարկանի շենք
որի տանիքից ձմռանը սառցալուլաներ են կախվում
 
Տասնիններորդ դարի վերջերին
կամ դարասկզբին կառուցած
սև, թարմ մնացած շենք
որի պատշգամբից տասնութ թվականին
դաշնակները Հայաստանը հայտարարել են անկախ հանրապետություն
իսկ քսան թվականին հեռացել
 
Ձայնագրման սրահ
որտեղից հրաշալի հնչողությամբ երաժշտություն է ծորում
«բոթասավոր»  տղաների
ու աղջիկների «փանք» սանրվածքների համար
 
Մարդկության պայծառ ապագա
և կատարյալ իրականություն արծարծող
նորանոր ֆիլմերի խղճուկ ազդագրեր
որի մոտով անցնող մարդիկ շատ են.
 
մի մարդ
սուր կզակով ու սև անձրևանոցով
որի լավն այն է
որ ծնվել է մեր օրերում
և ոչ պատերազմական
թե չէ կարող էին պատերազմը տանուլ տալ
 
տեր ողորմյան մատների մեջ խաղացնող
մի ամրակազմ ծերուկ
որ նման է
հիսունական թվականներին օղի վաճառած
և մարդկանց ճանաչելու մեծագույն ձիրքով օժտված
գինեմոլի
 
նոր զորացրված պատանի
դեռևս զինվորական համազգեստով
ու դուշմանատյաց աչքերով
ձախ ականջը բանակում թողած
 
և սկսնակ մի ֆանտաստ գրող
որ սիրում է իր քաղաքը
փողասերների փողի
ու փառասերների փառքի չափ
 
Առաջին հարկում մթերային խանութով
ու սպիրտային խմիչքների վաճառման կետով
մի քանի հարկանի հանրախանութ
երեխաների համար
որի մոտ կա
խնջույքներում արտասանելու համար
ոտանավորներ գրող բարձրահասակ մի բանաստեղծ
 
Քիչ այն կողմ
հնաոճ, ներսից կիսաքանդ բնակելի երկու շենք
որից մեկում մի օր եղել է Թումանյանը
և հիմա պահպանվում է պետության կողմից
 
Ու շատրվաններ, ցայտաղբյուրներ
որից մանուկները կախված ջուր են խմում
և անամպ երկնքում ճախրող
վայրի աղավնիներ
և դեղին
ոսկեգույն արեգակ
 
Յոթը մարտի
1987 թվական
քաղաք Երևան



Կատեգորիա: Պոեզիա | Ավելացրեց: armenlur (21.03.2013)
Դիտումներ: 1247 | Տեգեր: ավանգարդ պոեզիա, Արմեն ֆոն Գևորգյան, պոեզիա | - Վարկանիշ -: 0.0/0