ԿԻՏՐՈՆՈՎ ԲՈՒԼԿԻ
3 ձուն 1 թ/բ շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել 50 գրամ կարագ, 500 գր. կաթնաշոռ, 200 գր թթվասեր, որին պետք է խառնել 1 թ/գ սոդա, մի պտղունց աղ, վանիլին, 1 հատ կիտրոնը քամել զանգվածի վրա և ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի ձեռքերին չկպչող փափուկ խմոր: Այն բաժանել մանր գնդերի, յուրաքանչյուրի երեսին ձու քսել և միջին կրակով թխել:
ՄՍՈՎ ԲՈՒԼԿԻ
2 ձուն 2 թ/գ շաքարավազի հետ հարել, ավելացնել 150 գ կարագ, խառնել, վրան լցնել 1 թ/բ մածուն, մի պտղունց աղ և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր: Մեկ ժամ սառնարանում պահելուց հետո խմորը գրտնակով բացել 5 մմ հաստությամբ, վրան ցանել 1 թ/գ սոդա, ռուլետի պես փաթաթել, նույնը կրկնել երկրորդ անգամ, ապա բաժանել գնդիկների, 15-20 րոպե թողնել սեղանին, որ խմորը հանգստանա, գնդերը բացել, վրան լցնել միջուկից, փակել, երեսին ձու քսել և միջին կրակով թխել ջեռոցում: Միջուկ։ Պատրաստել նույն կերպ, ինչպես բարակաբլիթի համար։
ՉԱՄԻՉՈՎ ԲՈՒԼԿԻ
200 գրամ կաթնաշոռ 1 թեյի բաժակ շաքարավազ 100 գրամ չամիչ 100 գրամ թթվասեր 0,5 թեյի գդալ սոդա 2 ձու ալյուր
Պատրաստման եղանակը
Վերցնել 200 գր կաթնաշոռ, խառնել մի քիչ շաքարավազ և չամիչ, 100 գր թթվասեր՝ 0,5 թ/գ սոդայով, 2 հարած ձու, 1 թ/բ շաքարավազ: Այս բոլորը լավ խառնել, ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի ձեռքի մեջ հազիվ բռնվող, սակայն չկպչող թույլ խմոր: Բաժանել մանր գնդերի (ընկույզից մի քիչ մեծ) և թխել ջեռոցում: Խմորը վերցնելիս ձեռքերը պետք է ալյուրոտել:
|