ԶԱՄԲՅՈՒՂ-ԹԽՎԱԾՔ
(տոնական)
Զանազան միջոցառումների և հատկապես տոնական օրերին հյուրասիրության սեղանին առանձնահատուկ շուք են տալիս տնտեսուհու պատրաստած զամբյուղ-թխվածքները: Ստորև առաջարկում ենք դրանց պատրաստման երկու եղանակ, որը, համոզված ենք, սիրով կընդունվի նրանց կողմից, ովքեր սիրում են գեղեցկություն և հյուրասիրություն, մանավանդ, որ նման թխվածքների պատրաստելը առանձնակի ջանք ու ժամանակ չի պահանջում:
Զամբյուղ-թխվածքները աչք շոյող տեսք են ունենում, երբ բռնակներով են լինում, համեղ են, իսկ պատրաստելը՝ և՛ դյուրին, և՛ հաճելի:
Թե մեծ և թե՛ փոքր զամբյուղների բռնակները նույն խմորով են պատրաստվում: Ահա այն.
1 ձուն հարել 1 սուրճի բաժակ շաքարավազի հետ, ավելացնել սուրճի լիքը բաժակ մածուն (առանց սոդայի) և այնքան ալյուր, որ ստացվի պինդ խմոր: Այն չչորանալու համար սրբիչով ծածկել ու 20-30 րոպե թողնել հանգստանա, գրտնակով բացել 3-5 մմ հաստությամբ, ապա դանակով կտրել 2-4 սմ լայնությամբ, երկարությունը Ձեր ունեցած կաղապարի (ֆորմայի) չափով, բռնակի կորություն տալ և մեղմ կրակով թխել ջեռուցում՝ մինչև վարդագույն դառնալը: Բռնակները նպատակահարմար է նախապես թխել, քանի որ դրանք կարող են 5-15 օր նույն թարմությամբ պահպանվել և անհրաժեշտության դեպքում օգտագործել՝ թխելու համար առանց ժամանակ վատնելու:
Նշենք, որ թե՛ տորթերը, և թե՛ կրեմով այլ թխվածքները զարդարելու, գեղեցիկ ծաղիկներով ձևավորելու համար առաջարկում ենք ստորև բերվող կրեմը, որը և՛ համեղ է, և՛ կանգուն, և՛, որ ամենակարևորն է, անվնաս, քանի որ այն իր մեջ չի պարունակում ձու և կաթ, հետևաբար թխվածքը կարող է պահպանվել երկար:
ԿՐԵՄ. 1,5 թեյի բաժակ շաքարավազը 0.5 թեյի բաժակ սառը ջրով դնել կրակին, եռացնել այնքան, որ սառչելուց հետո մեղրի պես ծորացող զանգված ստացվի: Միքսերով 200-300 գրամ կարագը լավ հարել և շաքարահյութը թեյի գդալով մաս-մաս ավելացնել՝ չընդհատելով հարելը, մինչև շաքարահյութի ներծծվելը և կրկին լցնել հաջորդ գդալը, աստիճանաբար պակասեցնելով հյութի քանակը, որպեսզի կրեմը չկտրվի: Դրանից խուսափելու համար շուտ-շուտ ստուգեք կրեմի քաղցրությունը: Եթե այն համապատասխանում է Ձեր ցանկությանը, ուրեմն պատրաստ է: Վերջում ավելացնել մի հատ վանիլին: Խմորեղենը կրեմով զարդարելուց կամ թխվածքի շերտերը միացնելուց առաջ խորհուրդ ենք տալիս կրեմը սառնարան չդնել, այլապես ստիպված կլինեք կրկին հարել: Եթե վերջում ավելանա, հոգ չէ, դրեք սառնարանը կամ քսեք հացին և տվեք երեխաներին, որոնք շատ մեծ հաճույքով են այն վայելում, քանի որ նման է համեղ պաղպաղակի:
Նույնպիսի կրեմ կարելի է պատրաստել նաև հետևյալ կերպ: Կարագը միքսերով սպիտակեցնել, ավելացնել 200 գ կարագի համար 1 թեյի բաժակ շաքարավազ և ձեռքով հարել՝ շարունակ մաս-մաս (սկզբում 1 ճաշի գդալ, այնուհետև 1 թեյի գդել) ավելացնելով աղբյուրի սովորական սառը ջուր, մինչև շաքարավազի հալվելը: Վերջում ավելացնել 1 հատ վանիլին:
Ստացվում է անվնաս և համեղ կրեմ:
ՄԵԾ ԶԱՄԲՅՈՒՂ
Այն պատրաստելու համար թխել սովորական բիսքվիտից տորթ:
5 ձուն 1 թեյի բաժակ շաքարավազով դարձնել գոգլի, այնքան հարել, որպեսզի ողջ զանգվածը 3-4 անգամ ավելանա և սպիտակի: Ստացված գոգլիին աստիճանաբար ավելացնել 1 թեյի բաժակ ալյուր, ամեն անգամ ալյուրը լցնելիս լավ խառնել: Եթե ուզում եք մեծ տորթ թխել, ամեն անգամ հավասար չափով 5 ձու, 1 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ալյուր ավելացրեք, այսինքն՝ տորթ՝ տասը ձվով, 15 ձվով, 20 ձվով և այլն: Մեծ տորթ թխելու համար պետք է վերցնել ավելի մեծ կաթսա, սակայն խորությունը լինի 10-15 սմ: Նախապես հատակին դնել յուղաթուղթ (կալկա), վրան և կաթսայի կողքերին յուղ քսել և նոր միայն խմորը լցնել, հետո սրբիչով ծածկել, կափարիչով փակել և անպայման թխել ոչ թե ջեռոցում, այլ գազի կամ նավթավառի վրա՝ նախապես կաթսայի տակ ցանց դնել (կլոր և անցքերով ցանց): Թխել մեղմ կրակով, մոտավորապես 40 րոպե՝ 10 ձվով տորթը: Կափարիչը չբացել մինչև ձվածեղի հոտ չզգաք: Թխվելուց հետո տորթը հեշտությամբ կարելի է շուռ տալ սրբիչի վրա, ապա համապատասխան սկուտեղի: Սառչելուց հետո մեջտեղից հորիզոնական ուղղությամբ կտրել, առաջին շերտին մի քանի ճաշի գդալ մուրաբայի՝ ջրով նոսրացած հյութ շաղ տալ կամ ուղղակի քաղցր շաքարաջուր, այնուհետև կրեմ քսել, ծածկել երկրորդ շերտով, երեսին ու կողքերին բարակ շերտով կրեմ քսել, որից հետո հրուշակեղենի համար նախատեսված ներարկիչով և զանազան ձևավոր ֆորմաների օգնությամբ զարդարել:
Մինչև զարդարելը տորթի աջ և ձախ կողմերում կրեմից մեկական մեծ ծաղիկ տեղադրել, պատրաստի բռնակը, որը պետք է համապատասխանի կաթսայի տրամագծին, կրեմով զարդարել և ամրացնել տորթին, որից հետո շարունակել տորթի ձևավորելը:
ՓՈՔՐ ԶԱՄԲՅՈՒՂ
Խմորի համար վերցնել 10 ձվի դեղնուց և 1,5 թեյի բաժակ շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել 400 գրամ կարագ, 5-6 թեյի բաժակ ալյուր, վանիլին, մի պտղունց աղ և հունցել չկպչող փափուկ խմոր: Թխել հատուկ, կեքսի համար նախատեսված կաղապարով (ֆորմա): Դրանք վաճառքում կան, կարելի է ընտրել և միջին չափսի ֆորմաներ, դրանց տակը և կողքերին յուղ քսել, խմորից փոքր գնդիկները ձեռքով բացել այնպես, որ թասի ձև ստանան, քանի որ թխվելուց հետո զամբյուղի մեջը կրեմով զանազան ծաղիկներ պետք է տեղադրել, կարելի է բեզեից փոքր սնկեր պատրաստել կամ ՙէկլերի՚ խմորից թե՛ ծաղիկներ (ներարկիչով), և թե՛ սունկ:
Զարդարելիս պատրաստի զամբյուղի երկու եզրերին՝ աջ և ձախ կողմերում, կրեմով ծաղիկ տեղադրեք և դրանց մեջ ամրացրեք բռնակը: Փոքր զամբյուղների դեպքում հարկ չկա բռնակը կրեմով զարդարել:
Խմորը չափազանց փխրուն է և համեղ, տեսքն էլ՝ աչք շոյող: