Գլխավոր էջ » Հոդվածներ » Ազատամարտ » Ֆիդայական |
Ինչու՞ Անդրանիկը ձախողվեց Էրզրումում և Կարսում
1918 թվականի սկզբներին Արևմտահայաստանը ազատագրած դաշնակիցները, հատկապես ռուսական զորքերը, զանգվածաբար լքում են այդ տարածքները: Ամենուրեք անիշխանություն ու քաոս էր տիրում: Դրությունը ծանր էր հատկապես Էրզրումում և Կարինում, որը համարվում էր Արևմտահայաստանի սիրտը, որպես բերդաքաղաք՝ Էրզրումում կային անհամար իշխանություններ և զինյալ խմբեր: Առաջինը և ամենավտանգավորը դավաճան Աղամալյանն էր: Նա նշանակված էր հայ զինվորական միության նախագահ, ռուսահայ ազգային խորհրդի մասնաճյուղի տնօրենն ու ընդհանուր կառավարիչը, որի իրավասության տակ էին Էրզրումի զինվորական մթերանոցները, նրան էին ենթարկվում ռուսական բանակի 4.600 զինվորներ: Տիգրան Աղամալյանն իր օգնականների հետ Էրզրումի ողջ զինվորական պահեստները տնօրինելով հանդերձ, մեծ ազդեցություն ուներ տեղացիների վրա, որոնց մթերք էին վաճառում: Բացի տեղացիներից նրանք յուղ, շաքար, ալյուր, հրացան լցնելով կառքերը, տանում էին Կովկաս, վաճառում և գումարները յուրացնելով՝ կաշառում նաև իրենց վերադասներին: Այդ ժամանակներում լրտեսությունը շատ էր տարածված: Թուրքերն ամեն ինչ անում էին, որպեսզի տեղյակ լինեն այդ տարածքի իրադրությանը: Օգտվելով դրանից, դավաճան Աղամալյանը գտել էր հարստանալու ևս մեկ ճանապարհ: Նրա մարդիկ հաճախ էին թուրք լրտեսներ բռնում և բերում Աղամալյանի մոտ, որն էլ կաշառք առնելով՝ նրանց բաց էր թողնում։ Այսպիսով, Աղամալյանը և իր նման մի քանի ստահակներ, մոռացած, ուրացած ազգային շահը, մինչև կոկորդները խրվել էին թալանից ու կաշառքից ստացված հազարավոր ռուբլիներով ահռելի հարստության մեջ: Բանը հասել էր նրան, որ այդ տականքները Էրզրումի պահեստներից թուրքերին էին վաճառել 75 արկղ մոսին հրացան` 60 հազար փամփուշտներով: Այդ ժամանակ խոսք էր գնում նաև այն մասին, որ Աղամալյանը գաղտնի համաձայնության էր եկել թուրքերի հետ, որպեսզի 20.000 օսմանյան ոսկու դիմաց թուրքերին թողնի Էրզրումը: Վավաշոտ կրքերին ու անհագ հաճույքին ծախված այս ստոր տականքները ոչ միայն դավադիր ու դավաճան էին, այլ նաև լկտի արարածներ, որոնք իրենց ազգադավ ու պիղծ հոգու կեղտը չէին թաքցնում նաև խուճապահար ժողովրդից: Երբ որևէ մեկն ինչ-որ հարցով դիմում էր նրանց, լկտիաբար պատասխանում էին. - Դուք սատկելու եք և իրավունք չունիք ապրելու, քանի որ ձեր վստահությամբ չկրցաք ապրիլ թուրքերին հետ: Թուրքերը ձեզմե շատ ավելի կրթված ու ազնիվ են: Աղամալյանն ու նրա արբանյակները կատարում էին Ազգային խորհրդի որոշումը, որում ասված էր, որ պետք է ներդնել ճակատը` 1914 թվականի սահմանագլուխը քաշելով զորքը: Այդ ստոր դավաճանն էլ, լինելով տեղի Ազգային խորհրդի տեղական նախագահը, այն հարմարեցրել էր իր անձնական շահերին, իսկ այդ գնդերը արդեն թունավորված էին Էրզրումից դեպի Կարս հետ քաշվելու գաղափարով: Բացի դավաճան Աղամալյանից Էրզրումում կային նաև.
Այսպիսի անիշխանական և խառնաշփոթ վիճակի մեջ Անդրանիկը Թիֆլիսի Ազգային խորհրդի որոշմամբ Ալեքսանդրապոլից ճանապարհ է ընկնում դեպի Էրզրում: Ճանապարհին, որն անցնում էր Կարսով, հերոսը հյուրընկալվում է վաշտապետ Նիկոլի տանը: Ծովածավալ բազմություն էր հավաքվել, որոնք իմացել էին հերոսի գալուստի մասին։ Իրար հրմշտելով, հեղեղի նման շարժվում էին դեպի Նիկոլի տուն՝ ցանկություն ունենալով տեսնելու լեգենդար հերոսին։ Մի քանի րոպեում ողջ փողոցը և հարակից տարածքները լի էին և բազմությունը հանդիպում էր պահանջում Անդրանիկի հետ, ով կեցցեների տարափի տակ խոսք է առնում. - Ես ծեր զինվոր մըն եմ, կերթամ մեր հայրենի երկիրը պաշտպանելու. ձեզմե ո՞վ կը միանա ինձի: Ականատեսների պատմելով, մոտ 2.000 հոգի շարք են կանգնում և ցանկություն հայտնում զորակցելու հայ դյուցազնին, սակայն, երբ նրանց փորձում են ուղեկցել զորանոցները, բոլորը ցրվում են, մնում են միայն 25 հոգի: Հաջորդ օրն Անդրանիկը Կարսից անցնում է Սարիղամիշ, այնտեղից էլ երկու ինքնաշարժերով և իր հետևորդներով ճամփա ելնում դեպի Էրզրում (Կարին): Անդրանիկի հետ էին բժիշկ Զավերևը, գնդապետ Թորգոմը, գնդապետ Զենկևիչը, Վահան Թոթովենցը և իր թիկնապահները: Զորքը պետք է Էրզրում գնար հետիոտն: Անդրանիկը շտապում էր, քանի որ լուրեր էին տարածվել, որ հայերը լքում են Էրզրումը: Դեպի Էրզրում տանող ճանապարհին թուրքերով բնակեցված գյուղեր կային, որոնք որոշել էին աղ ու հացով դիմավորել հերոսին: Սակայն Անդրանիկը նպատակահարմար չի գտնում հանդիպել թուրք բնակչության հետ, քանի որ ոչ ցանկություն ուներ, ոչ էլ ժամանակ: Էրզրումում էլ զգալի թվով թուրք բնակչություն կար, ու երբ հերոսը 1918 թվի փետրվարի 16-ի երեկոյան մտավ Էրզրում, թուրքերը փակում են իրենց պատկանող բոլոր խանութները և քաշվում տները: Էրզրումում էլ, ինչպես Կարսում, Անդրանիկին «կեցցեներով» ընդունեցին: Հոծ բազմություն էր հավաքվել, անգամ թուրքեր էին եկել` տեսնելու և լսելու Անդրանիկին: Երբ հայ դյուցազնը երևաց իր Ասլանին հեծած, բոլորը գոչեցին. - Կեցցե՛ Անդրանիկը: Անդրանիկը շատ լավ էր հասկանում այդ «Կեցցեների» իմաստը, և դառնալով ժողովրդին` ասաց. - Մի ծափահարեք ինձ, այլ մտիկ ըրեք իմ խոսքին, ամեն մարդ թող անմիջապես մտնե զորանոց և գիշերը մեկնի ճակատ, ահա ծափահարության գեղեցիկ և օգտակար տեսակը: Ահա թե ինչ է գրում այս մասին էրզրումցի Ղազար Զարգը. «Երբ Անդրանիկն Էրզրում մտավ, ժողովրդի խանդավառությունն աննկարագրելի համեմատությունների հասավ: Հերոսը դիմավորած, եկած էին հայ զորքը, հայ ժողովուրդն ու թուրք ազգաբնակչություններ են հետաքրքրվողներ: Իր նժույգին նստած զորավար Անդրանիկը զինվորական համազգեստով ու ուսադիրներով արքայական ընդունելության արժանացավ: Ժողովուրդը խելահեղ խանդավառությամբ ու «Կեցցե Անդրանիկը» կաղաղակեր: Զորավարը ողջունեց Ժողովրդին և խոսքն ուղղելով հայ զորքին ըսավ՝ Ողջո՛ւյն քաջաց: Հայ զինվորները պատասխանեցին՝ «Ողջո՛ւյն քաջին»: Խելահեղ ծափահարություններով և խլացուցիչ հրաձգությամբ զորավարը հառաջեցավ դեպի իր պաշտոնատեղի՝ Շապանեաններու տունը: Հայ հրամանատարին կընկերակցեին երկու անգլիացի սպաներ՝ Թիֆլիսի անգլիական զինվորական Միսիոնեն Մեյճըաղ Կոլտսմիթ և Քեփթն նեշ»: Սրանք եկել էին օգնելու Անդրանիկին: Նրանք ուշադիր ուսումնասիրել էին կռվի ճակատային մասը: Համոզված էին, որ եթե հայ զինվորները կռվեն, թուրքերը հնարավորություն չեն ունենա ճեղքել ճակատը: Գնդապետ Կոլտսմիթը դառնալով Արսեն Մարմարյանին` ասում է. - Անդրանիկին հոգ տարեք, նա մեծ մարդ է: Անգլիացիներն Անդրանիկի հետ միասին զինվորական պիտույքների խոշոր ցանկ են կազմում, մեկնում են Թիֆլիս, որպեսզի այնտեղից էլ այդ օգնությունը բերեն: Սակայն այդպես էլ նրանք չեն վերադառնում: Էրզրումի հիմնական բնակչությունը, մինչև ռուսական զորքերի մտնելը, արդեն լքել էր քաղաքը, սակայն, երբ ռուսական զորքերը գրավեցին քաղաքը, բոլոր տեղերից մոտ 25.000 հայեր եկան: Այստեղ էին գալիս ճակատը լքած զինվորները, որոնց դասալիքներ էին անվանում և որոնց տրամադրությունը ոչ թե քաղաքում հիմնական մնալն էր կամ կրկին ճակատ մեկնելը, այլ ալան-թալանն ու անառակությունը: Անդրանիկի առաջին գործը եղավ ստեղծելու հակալրտեսական ցանց, քանի որ քաղաքը լիքն էր նաև լրտեսներով ու դավաճաններով: Շուտով քաղաքում բռնվեց մի ռուս զինվոր, որի գրպանի մեջ լրտեսական նամակ կար` հետևյալ բովանդակությամբ. «Ստացա տվածդ տեղեկությունները Անդրանիկ փաշայի մասին: Շուտով տեղեկացրու, թե Անդրանիկ Փաշան որքան զորք է բերելու»: Հայտնի դարձավ նաև, որ քաղաքը լի է դավաճաններով, որոնք ոչ միայն նամակագրությամբ էին տեղեկություններ հաղորդում Օսմանյան զորքերի ղեկավարներին, այլ նաև ուղիղ հեռախոսակապ ունեին թուրք հրամանատարության հետ: Անդրանիկը հրամայեց կտրատել բոլոր հեռախոսային գծերը: Աղամալյանի մոտ, որպես օգնական, աշխատում էր մի թուրք` Սեյիդով ազգանունով: Հայտնի դարձավ, որ այդ Սեյիդովը սուրհանդակներ է ուղարկում Օսմանյան զորքերի հրամանատար Վեհիբ Փաշայի մոտ: Սուրհանդակներից մեկը շուտով բռնվում է և հայտնում, որ իրեն Վեհիբ փաշայի մոտ է ուղարկել Սեյիդովը: Այդ էին վկայում նաև նրա մոտ եղած նամակները` ուղղված Վեհիբ փաշային: Այս ամենը հիմք էր ձերբակալելու Սեյիդովին: Սակայն, երբ զինվորները գնացին նրան ձերբակալելու, պարզվեց, որ նա փախել է Թիֆլիս: Ամեն ինչ պարզ էր՝ Սեյիդովին փախցրել էր դավաճան Աղամալյանը: Հետագայում պարզվեց, որ դոկտոր Զավերևն ու Աղամալյանն իմանալով, որ Սեյիդովին ցանկանում են ձերբակալել, նրան իրենց հետ ծպտված տանում են Սարիղամիշ, հանձնում Օդեշելիձեին: Վերջինս էլ նրան տեղափոխում է Թիֆլիս: Այսպիսով, դավադրությունն ու դավաճանությունը սահման չունեին: Դավաճան Աղամալյանի կողմն էր անցել նաև գնդապետ Բեժանբեկովը և ցավալին այն էր, որ այս մասին Անդրանիկը տեղյակ չէր, դեռ վստահում էր Բեժանբեկովին, ով շատ կարևոր հանձնարարություն էր կատարում և դրա կատարումից էր կախված Էրզրումի ճակատի պահպանման խնդիրը: Այս դավադիրների կողքին էր նաև Անդրանիկի վստահությունը վայելող դոկտոր Զավերևը: Եվ հենց նրա միջնորդությամբ էլ Անդրանիկն առաջին անգամ Աղամալյանին տվել էր 100.000 ռուբլի, որն այն ժամանակ մեծ գումար էր և պետք է օգտագործվեր գաղթականների և որբերի համար։ Աղամալյանն այն պետք է հանձներ Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհրդին: Դավաճան Աղամալյանը հայտարարեց, որ այդ գումարը կառքից անհետացել է: Քաղաքում գտնվող ոչ մի խմբակցություն կամ կուսակցական ներկայացուցիչ ոչ միայն չէր օգնում Անդրանիկին, այլ գաղտնի կամ բացեիբաց խանգարում էին նրան: Բոլորը զբաղված էին միայն թալանով, ռուսական բանակի թողած զենք ու զինամթերքի վաճառքով: Եվ այս ամենի համար որևէ մեկին պատժելու իրավունքն Անդրանիկին տրված չէր: Ահա թե ինչ է գրում այս մասին ականատեսներից մեկը` Վարդիթեր Կոճոլուլյան-Հովհաննիսյանը. «Այս խառնաշփոթ և անկազմակերպ վիճակին մեջ ամենեն ցավալին այն էր, որ Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդը մերժած էր զորավարին մահապատժի իրավունք շնորհել` կարենալ պատժելու համար դասալիքներն ու դավաճաններին: Հայկական բանակի ընդհանուր հրամանատարն անզոր զորավարի մը վերածված էր»: Անդրանիկի ստեղծած հակալրտեսային ցանցը կարողացավ ձեռք բերել դավադիրների լրիվ ցուցակը: Նրանց գլխավոր կազմակերպիչը Հազեր փաշան էր: Ամբողջ ցանցը հնարավոր եղավ բացահայտել և բոլորին ձերբակալել ու բանտարկել: Սրանից հետո էլ լիովին չէր հաջողվել վերջ դնել դավադրությանն ու դավաճանությանը, որոնք ոչ թե հատուկ մարդիկ էին, այլ Աղամալյանի, Բեժանբեկովի նման վատ ղեկավարներ, որոնք ուղղակի ենթարկվում էին Թիֆլիսին, ոչ թե գերագույն հրամանատարին: Այս ամենից տեղյակ էր նաև Օսմանյան բանակի և Էրզրումի ճակատի վրա հարձակման պատրաստվող զորքերի ընդհանուր հրամանատար Վեհիբ փաշան: Ահա ինչ է գրում նա 1918 թվի փետրվարի 25-ին Անդրանիկին և Էրզրումի ղեկավարությանը.
Պատահական չէ, որ Վեհիբ փաշան այս մասին գրում է ոչ միայն գլխավոր հրամանատարին, այլ նաև Էրզրումի ղեկավարությանը: Սա էլ գալիս է ապացուցելու, որ իրականում Էրզրումում բազմիշխանություն էր, որից էլ ուզում էր օգտվել օսմանցին: Հայտնի չէ, թե ինչ էին պատասխանել նրան Էրզրումի մյուս ղեկավարները, սակայն Անդրանիկը գրեց հետևյալ պատասխանը.
Ավաղ, դավաճանությունն ու դավադրությունը, դասալքությունն ու վերևների հետ Անդրանիկի տարաձայնությունները թույլ չտվեցին նրան իրականացնելու իր առաքելությունը: 1918 թվականի փետրվարի 10-ին թուրքերը գրեթե առանց դիմադրության գրավեցին Տրապիզոնը՝ իր առասպելական հարստությամբ: Ամեն ինչ ավելի դժվարացավ ու ստեղծվեց մի խառնաշփոթ վիճակ, որի մասին Անդրանիկը մի տեղեկանք ուղարկեց Թիֆլիսի Ազգային Խորհրդին:
Այս բոլորին գումարած, ռուսական բանակի անփառունակ նահանջը պատերազմի ճակատից, Լենինի շեփորած «Կորչի պատերազմը» լոզունգը, Թիֆլիսի Արևմտահայոց ազգային խորհրդի անվճռական ու թույլ կեցվածքը, Թուրքահայաստանի ազգաբնակչության նկատմամբ մահապատժի չգոյությունը հայոց զինվորական շարքերի մեջ: Անդրանիկը, այս բոլորը նախօրոք կանխատեսելով, որոշ միջոցառումների շարքում առաջին հերթին դրված էր դասալիքների և դավաճանների նկատմամբ մահապատիժ կիրառելու հարցը: Այս հարցով զբաղվում էին գեներալ Նազարբեկովը, Անդրանիկը և Արեշովը։ Նրանք եկել էին Թիֆլիսի Ազգային խորհրդի ժողով, որպեսզի խնդրեն մահապատժի իրավունք: Խոսք առնելով՝ Նազարբեկովն ասում է, որ «Հայերն ունեն զինվոր, սպա, մասնագետ, զինամթերք պարենավորումի անհատնում պաշար, որ թուրքը չունի բավական զորք, սպա մասնագետ և որ սահմանափակ է նաև թուրքերի զենքի պահեստը, իսկ պարենավորումի պաշարը՝ զրո։ Բայց թուրքն ունի բան մը,- շարունակում է զորավարը,- որ մենք չունինք, այդ պատճառով ան մեզ պիտի հաղթե: Այդ բանը կարգապահությունն է, իսկ բանակի մեջ կարգապահությունը միայն մահապատժով կըլլայ»: Մահապատժի հարցը երկու անգամ դրվում է քվեարկության, առաջին անգամ մեկ ձայնով հաղթում է մահապատիժը բանակում կիրառելու հարցը, երկրորդ անգամ, երբ ժողովին մասնակցում է բանվորագյուղացիական խորհրդի անդամ, այն ժամանակվա դաշնակցական շեֆերից մեկը` Արշակ Ջամալյանը, ով կոչ է անում չքվեարկել այդ հարցի օգտին և հարցը տապալվում է: Խոսելով կարգապահության մասին` Ջամալյանն ասում է.- «Մեր զինվորական կարգապահությունը պետք է հիմնված ըլլայ դեմոկրատիկ երկըրներու դեմոկրատիկ սկզբունքներուն վրայ»: Այս մարդը չէր հասկանում ժամանակի ոգին և այն պարզ ճշմարտությունը, որ ռուս զինվորը այլևս կռվել չէր ուզում, այլ ամենուր գոչում էր.- «Սա մեր երկիրը չէ, մենք մեր երկիրը պիտի գնանք, թող կորչի պատերազմը, թող թրքահայերը իրենք իրենց սահմանները պաշտպանեն»: Սա էր Թիֆլիսի կովկասահայ ղեկավարների կարծիքը: Նրանց թվում էր, թե դեմոկրատիա կոչելով ամեն ինչ իր տեղն է ընկնելու: Եվ ահա նրանց ցանկությունները պատերազմի դաշտում սկսեցին ծիլեր տալ` ավելացնելով դասալքությունը: Սակայն Անդրանիկը չընկրկեց, այլ որոշեց իր փոքրաթիվ հետևորդներով հակահարձակման անցնել Օսմանյան բանակի դեմ` համոզված լինելով, որ եթե տեղում եղած փոքրաթիվ բանակը ամուր կանգնի հայ հողի վրա, թշնամին առաջ գալ չի կարող: Ավա՜ղ, մեծ Զորավարի ծրագիրն այս անգամ չիրականացավ: Ամեն ինչ վաղուց ծախված էր: Ծախված էր գերտերությունների կողմից, հատկապես Ռուսասաանի, որպիսին հենց հանդիսանում էր Բրեստ-Լիտովսկու պայմանագիրը: Այն դառնում էր իրականություն և այդ իրականության հիմքում ընկած էր դավադրությունն ու դավաճանությունը: Ահա դրա վառ օրինակներից մեկը: 1918 թվականի փետրվարի 25-ին Անդրանիկը գիշերով հավաքում է իր հրամանատարական կազմին և կարգադրություններ անում, որ հաջորդ օրն առավոտյան հարձակման անցնեն: Ամբողջ գիշեր հերոսը ծրագրեր է մշակում՝ համոզված, որ հաջողություն է ունենալու, եթե դավաճանություն ու դավադրություն չլինի: Նույն երեկոյան Ա և Դ ռուսահայ երկու գնդերի հրամանատար գնդապետ Բեժանբեկովը հեռախոսով կապվում է Անդրանիկի հետ և համոզում, որ «ճակատը լավագույն վիճակի մեջ է, իսկ զորքի կռվելու տրամադրությունը` բարձր»: Պետք է նշեմ, որ այս երկու գնդերն էլ հիմնականում կազմված էին ռուսահայերից և յուրաքանչյուրն ուներ 4.600 զինվոր, լավ զինված և ամեն ինչով ապահովված: Սակայն դժբախտությունը նրանում էր, որ երկու գնդերն էլ ենթարկվում էին Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդին: Այս գնդերի ընդհանուր հրամանատարը գնդապետ Բեժանբեկովն էր, ում Անդրանիկը ճանաչում էր որպես կարգապահ և լավ համբավ ունեցող հրամանատարի, ուստի նպատակահարմար գտավ, որ Բեժանբեկովը գլխավորի այդ երկու գնդերը: Բեժանբեկովը ստանձնում է գնդերի հրամանատարությունը. նրանց է հանձնարարվում պաշտպանել ճակատի կենտրոնական մասը, իսկ աջ և ձախ թևերը պետք է պաշտպանեին Սեպուհն ու գնդապետ Թորգոմը, դրանից բացի Մուրադն էլ իր ջոկատով ձախ կողմից պետք է շրջապատեր թշնամուն և հանկարծակիի բերելով` խուճապի մատներ: Ամեն ինչ շատ լավ էր ծրագրված, մնում էր միայն իրականացնել: Հարձակումը նոր էր սկսել, երբ լուր հասավ Անդրանիկին, թե Ա և Դ գնդերը՝ Բեժանբեկովի գլխավորությամբ առանց մեկ գնդակ անգամ բաց թողնելու լքել են դիրքերն ու հեռանում են: Պարզ դարձավ, որ սրիկա Բեժանբեկովը խաբել էր Անդրանիկին` նրան ներքաշելով կեղտոտ խաղի մեջ: Անդրանիկն, իսկույն հեծնելով ձին, սլանում է դեպի այն դիրքերը, որտեղից նահանջում էին Բեժանբեկովի գլխավորած գնդի զինվորները, սակայն նրանց ճակատ տանելը չի հաջողվում: Ամեն կողմից գոռում-գոչում էին. - Մենք կռվիր հոս չենք, չենք ... - Եթե հոս չկռվեք, ուրիշ տեղ ալ պիտի չկռվիք,- պատասխանում է Անդրանիկն ու սուրը քաշած սլանում առաջ։ Մի քանի զինվորներ հետևում են նրան: Տեսնելով սպիտակ ձիավորին` թշնամին դադարում է առաջխաղացումը և դիրքեր բռնելով սկսում կրակ տեղալ Անդրանիկի ուղղությամբ: Գնդակների տարափը ձիու ոտքերի տակ քանդում են սպիտակ ձյան շերտը, սակայն ոչ մի գնդակ հերոսին չի դիպչում: Այս տեսնելով՝ հերոսի թիկունքի կազակները զարմացած իրար են նայում: Նրանցից մեկը չի համբերում և բացականչում է. - Սուրբ է նա, սուրբ, նրան գնդակ չի դիպչում: Ասում են, որ կռվի դուրս գալուց առաջ Անդրանիկն իր օգնականներին ասել էր, որ ինքն այդ օրը ընկնելու է կռվի դաշտում և ավելացրել. - Պատմեցեք սերունդներուն, թե միակն եմ, և ես ինկայ մինակ Կարնոյ պարիսպներուն: Սակայն, իրոք, որ նա Սուրբ էր, նրան գնդակ չէր դիպչում, սա անհերքելի փաստ էր և ապացուցված այն բազմաթիվ ճակատամարտերով, որը տվել էր Անդրանիկն իր պայքարի 34 տարիների ընթացքում: Անդրանիկը, տեսնելով, որ վիճակն օրհասական է, հեռագիր է ուղարկում Հայաստանի Ապահովության Խորհրդի նախագահ Վահան Փափազյանին և խնդրում, որ արագացնեն երկրապահ զորամասի ժամանումը Էրզրում։ Սակայն այս հեռագրին էլ պատասխան չի լինում: Ճակատից քաղաք տանող ճանապարհին Անդրանիկը հանդիպում է դասալիք զինվորների և համոզում նրանց, որ մտնեն խրամատները և փշալարերի հետևը մնան, մինչև կամավոր երկրապահ զորամասի ժամանումը` խոստանալով, որ ժամանումից հետո նրանց ազատ կարձակի: Զինվորները համոզվում են և դիրքավորվում քաղաքի սահմանամերձ տարածքում: Անդրանիկն էլ շարժվում է դեպի քաղաքի դռները և Սրբեր կոչվող դռան առջև հանդիպում է Բեժանբեկովին: Դառնալով նրան խիստ տոնով հանդիմանում է` ասելով, որ ինքն է ճակատի փլուզման հիմնական պատասխանատուն: - Ի՞նչ կրնամ ընել, զորքը սրիկա է: - Մեծագույն սրիկան դուն ես,- զայրացած հանդիմանում է Անդրանիկը: Այդ նույն գիշերը հասան երկրապահ զորքերի առաջին 600 զինվորները, ովքեր մոկեցիներ էին: Երկու ժամ հետո Անդրանիկը զինվորական խորհուրդ է գումարում, որին մասնակցում են գնդապետներ Մուրեյը և Զենկևիչը, Բեժանբեկովը և կոմիսար դոկտոր Յակոբ Զավերևը: Հիմնական առաջարկը լինում է թողնել Էրզրումը և քաշվել դեպի Կովկաս: Անդրանիկը կանգնում և ձեռքը սեղանին զարկելով գոչում է. - Ո՛չ, Կարինը չենք կրնար լքել, եթե զինվորը կռվի, ես ձեզի ցույց կտամ, թե ինչ կարելի է ընել: Զինվորը կռվելու ալ պետք չունի, միայն թե մնա խրամատներու մեջ մինչև առավոտ: Բավական է կրակ բանալ երկու անգամ: Անդրանիկը հույսը դրել էր 600 մշեցիների վրա, որոնց հավատարմությանը վստահում էր: Սակայն այլ տրամադրության էին գնդապետ Զենկևիչը, Բեժանբեկովը և Զավերևը: - Բերդաքաղաքը պաշտպանելու բոլոր միջոցներն սպառված են և պիտի քաղաքը լքել ու նահանջել,- կարծիք է հայտնում Զենկևիչը: Նրան միանում են Բեժանբեկովն ու Զավերևը: Միայն գնդապետ Մուրելն էր, որ հավատարիմ մնաց Անդրանիկին: - Դեռ երեք օր հոս ենք, եթե նույնիսկ գնդակ մը չարձակենք,- այս խոսքերով ժողովն ավարտեց Անդրանիկը: Բեժանբեկովն առաջինը տեղից վեր կացավ և ցանկացավ դուրս գալ սենյակից: Անդրանիկը նայեց նրան: Երբ բոլորն արդեն գնացել էին, Անդրանիկը նրան ասաց. - Եթե մինչև լուսաբաց Թորգոմը հոս չհասնի, ատրճանակի մեկ հարվածով պիտի սպանեմ քեզ: Այս ասելով հերոսը շրջվում և գնում է իր ննջասենյակը՝ օգնականին պատվիրելով մեկ ու կես ժամից արթնացնել իրեն: Կեսգիշերվա ժամը 3-ին գնդապետ Թորգոմը արյան մեջ կորած մտնում է Անդրանիկի սենյակը: Նրա 170 զինվորներից միայն 31-ն էին ողջ մնացել: Թորգոմին ընդունեց Թոթովենցը և նրանք երկուսով մտան Անդրանիկի ննջասենյակը: - Սրիկա Բեժանբեկովը նահանջեց` առանց ինձ լուր տալու,- գանգատվեց Թորգոմն ու մոտեցավ Դյուցազնին, ով Թորգոմի ձայնը լսելով՝ տեղից վեր էր կացել և ընդառաջ եկել նրան: Դյուցազնը շատ ուրախացավ, երբ ողջ ու առողջ տեսավ Թորգոմին: Այդ օրը Թորգոմը երեք ձի էր փոխել, երեքին էլ խփել էր թշնամին, իսկ ինքը հրաշքով էր փրկվել։ Մտերմիկ զրույցից հետո Թորգոմը Անդրանիկից ցանկացավ իմանալ հետագա ծրագրերի մասին: - Թորգոմ,- ասաց Անդրանիկը,- քեզի հայտնեմ գաղտնիքս, թող մարդ չիմանայ: Ես որոշել եմ պաշտպանվիլ այս բոլոր դասալիք երիտասարդներով, Կարնոյ պարիսպներուն մեջ: Այս ատեն կտեսնես, թե ինչպես կը կռվին՝ ուզեն-չուզեն, մենք հոս վեց ամսվան դիմանալու չափ պաշար ունինք: Կարնեցիները հարցուփորձեր եմ, կըսեն թե ջուրը լեռան տակեն կուգա և երբեք չի դադարիր: Եկողը գարուն է: Ռազմամթերքն այնքան առատ է, որ եթե մեր զինվորները գիշեր-ցերեկ անընդհատ կրակեն չորս տարի, դարձյալ չի հատնի: Հայի վրայ հակակշիռ կը հաստատենք, ուտելիքն այդ պարագայում կբավի մեկ տարվան: Քաղաքեն ժամանակ առաջ հեռացրած եմ ծերերը, կիները, երեխաները: Այս ծրագիրը կայացած է մտքիս մեջ, կացությունը հասկանալեն ի վեր հոս պահեցի միայն երիտասարդները, ճակատ գացին կրկին Ա գունդի զինվորները, ինձ վրա կրակ բանալեն հետոյ կրկին անգամ համոզեցի զինվորները գոնե երկու օր ևս պահել դիրքերը: Երկու օր միայն և ես գիտեմ, թե ինչպես կը հաջողեմ թուրքերը նեղել, որ քաղաքը պաշարեն...: Ի՜նչ հոգ, թե մեր զորքը կուզե հեռանալ, զանոնք կստիպեմ առյուծի պես կռվիր, երբ տեսնեն, թե պաշարված են և փախուստի ճամբայ չկա: Անդրանիկը լռեց մի պահ: Թորգոմը ժպտաց: - Այս պատերազմը,- շարունակեց դյուցազնը,- կմոտենա իր վախճանին: Վեց ամսեն ավելի չի տևիր: Գերմանացիք սպառած են: Ընդհանուր զինադադարը վրայ կուգայ: Այն ատեն ամբողջ աշխարհը կտեսնե Կարինի պարիսպներուն վրայ մեր դրոշակները: Թորգոմը հիացած Անդրանիկին էր նայում: Նրա համար նորություն չէր Անդրանիկի պայծառատեսությունն ու ռազմագիտության աննման իմացությունը: - Ես քեզի հետ եմ, Անդրանիկ,- ոգևորված, վերքերն ու տառապանքները մոռացած, ասաց Թորգոմը: Դուռը թակեցին։ Վահան Թոթովենցը գնաց դուռը բացելու: Մի զինվոր ներս մտավ և երկտող հանձնեց Անդրանիկին: Անդրանիկը բացեց երկտողն ու կարդաց. «Թուրք զինվորները մեր աջ թևի վրա քայլում են ձորի միջով: Ի՞նչ է ձեր հրամանը»: Ազգային հերոսը զայրույթից գունատվեց: Թորգոմը անհանգստացած մի շարժում արեց և քանի որ երկտողը լսելի ձայնով էր կարդացվել, զարմացած ու հարցական նայեց դյուցազնին: - Թողեք անցնին,- ասաց Անդրանիկը: Զինվորը պատվի առավ և դուրս գնաց: Փորձառու հայդուկապետին, հրամանատարին ու բնատուր ռազմագետին չի խաբում իր հատուկ ներգիտակցության զգացումը, թե ովքեր են այդ ձորի միջով անցնողները: Նա դառնալով իր մտերիմներին` ասաց. - Թուրքերը չեն, մեր խոստումնադրուժ զինվորներն են, որ այդ ձորովը կփախչին: Վա՜յ, սրիկաներ: Գիշերվա ժամը 4-ին Անդրանիկը դուրս եկավ դիրքերն ստուգելու։ Առաջին հերթին անցավ խրամատների կողմը: Նրա կանխազգացումը ճիշտ էր, խրամատներում համարյա զինվոր չէր մնացել, բոլորը փախել էին, իսկ դիրքերի վրա մնացել էին մի քանի մշեցիներ և շապին-գարահիսարցիները: Երբ տեսավ իր հարազատ շապին-գարահիսարցիներին, հերոսը շատ հուզվեց և կարգադրեց, որ նրանք էլ թողնեն դիրքերն ու քաշվեն քաղաք: Այսպիսով, վերջնականապես փուլ եկավ դավադրության ու դավաճանության զոհը դարձած հայ Դյուցազնի հանճարեղ ծրագիրը, որով նա որոշել էր պահել Էրզրումը: Եվ Անդրանիկը չէր սխալվել, որ դասալիքները դավաճան Բեժանբեկովի գնդի զինվորներն են: Այդ ստոր դավաճանը մեկ գիշեր էլ չէր սպասել ապահով ապաստանած խրամատների մեջ` փշալարերի հետևը: Ռուսական բանակի հայտնի սպայի փախուստը մեծ իրարանցում գցեց Էրզրումում և ամեն ինչ մի քանի ժամում խորտակվեց՝ բոլորը սկսեցին փախչել քաղաքից: Այլ բան չէր մնում անելու Անդրանիկին, քան կազմակերպել և ինչպես որ կարգն է նահանջել՝ ապահովելով նահանջող գաղթականների անվտանգությունը: Ամեն ինչ արվեց, որպեսզի Էրզրումում ապաստանած 25.000-ից ավել հայերը կազմակերպված ձևով նահանջեն դեպի Սարիղամիշ: Նահանջի ճանապարհին Անդրանիկը մտնում է կարմիր խաչի փոքրիկ խրճիթը, որտեղ օգնություն էին ցուցաբերում վիրավորներին և հիվանդներին: Անդրանիկը մի փոքրիկ աթոռն նստած, մտածկոտ, տխուր ու հուսահատ, թրջված ոտքերն էր տաքացնում, իսկ նրա կողքին նստել էր Թորգոմն ու սրտաճմլիկ հայացքով Անդրանիկին էր նայում: Նա երբեք այս վիճակում չէր տեսել Անդրանիկին և նրա մտքերը ցրելու համար ասաց. - Ի՞նչ կմտածես, Զորավար: - Շատ բան կմտածեմ, սիրելիս: Թուրքերը գրավեցին Կարինը, բայց անոնք պիտի պարտվեն: Հայոց բերդաքաղաքը գնաց, բայց թուրքերն ալ պիտի կորցնեն իրենց հաղթանակը: Ես չէի կարծեր, թե թուրքերն այդքան անխելք կգտնվին, որ փչացնեն իրենց Միջագետքի և Պաղեստինի ճակատները և զորքեր թափեն այնտեղ` Կովկասում, արկածախնդրության մը համար: Թուրքերը պիտի առաջանան, պիտի առաջանան մինչև Բաքու, բայց հետո պիտի սկսին նահանջիլ, որովհետև անգլիական և ֆրանսիական բանակները պիտի մտնեն Թուրքիո սիրտը և պիտ դադրի պատերազմը, մինչև թուրքական Կովկասյան արկածախնդրության թևը պիտի մնայ թաթարներու մեջ պարտված: - Անդրանիկ, մենք պիտի կրնանք պաշտպանել Կարսը: - Բացարձակապես ոչ,- պատասխանում է Անդրանիկը` կտրուկ ու վճռական ավելացնելով,- պիտի կոտորվինք, բայց զոհվելով և կոտորելով պիտի կոտորվինք: Եվ իրականացավ Մոսկվայի հայկական կոմիտեի նախագահ Ստեփան Մամիկոնյանի այն կանխատեսումը, որ Անդրանիկը Էրզրում գնալով պիտի վտանգեր ոչ միայն իր անձը, այլ նաև իր վաստակած համբավն ու փառքը: Նա պնդում էր և լիովին ընդունում, որ Անդրանիկի անձնազոհությունը բխում էր նրա հայրենասիրությունից, մի բան, որ սովորական անհատների մոտ չի լինում: Եվ մի առիթով Թիֆլիսի Ազգային խորհրդի ժողովում, դեմ լինելով Անդրանիկի Էրզրում գնալուն, ժողովականներին դիմելով` Մամիկոնյանն ասում է, - Ես ձեզմե նվազ չեմ հիացած Անդրանիկի հերոսական մարտնչումներուն վրայ: Լինելով Մոսկվայի Հայկական Կոմիտեի նախագահը և մոտ լինելով ռուսական վերնախավին ու, որպես իրավաբան, լավատեղյակ լինելով գերտերությունների շահամոլ նպատակներին` վաստակաշատ իրավաբանը լավ գիտեր, որ ոչ միայն ռուսական հեղափոխությունն էր խանգարել հայկական հարցին, այլ նաև ռուսների այդ ժամանակվա մտադրությունները, որով հեղափոխական առաջնորդները պատրաստ էին ամեն ինչ զոհաբերել իրենց նպատակները իրականացնելու համար: Անձամբ պրոլետարիատի առաջնորդին հետաքրքրում էր միայն հեղափոխության հաղթանակը, ինչ գնով էլ լինի, թեկուզ մի ազգի ոչնչացման գնով: Եվ սա ոչ մեկից գաղտնի չէր, ուր մնաց որ գաղտնի լիներ Մամիկոնյանի նման գիտուն մարդուց: Գուցե և Անդրանիկն էլ էր սա գիտակցում, սակայն նա դա ընդունել չէր կարող, և ոչ միայն չէր կարող, այլ իր մտքով էլ չէր անցնում, քանզի հայրենասիրության վեհ զգացումը անձնազոհության էր մղում Անդրանիկին: Նա չէր կարող հավատալ, որ այդքան դժվար, կյանքի գնով, այն էլ հազարավոր և մեծ մասամբ հայ կամավորների անձնազոհությամբ ձեռք բերված հաղթանակը կարող է շատ հեշտությամբ ի չիք դարձվել: Ահա թե ինչ է գրում Էրզրումի անկման մասին Ավետիս Թերզիբաշյանը. «Ռուսը, որ Լիտովսկի մեջ թուրքին ձգած էր Էրզրումը, ռուսը, որուն հոգը չէր բնավ, թե Էրզրումը թուրքին պիտի ըլլար, թե հայուն: Վրացին, որ իր սահմանները փրկելու լավագույն միջոցը հայկական հողամասերեն (թուրքին) զիջողություններ ընելու մեջ կը գտներ: Թաթարը, որ գիրկը բաց թուրքին գալուստը կը սպասեր: Հայը, որ ռուսահայ էր և թրքահայ, հայը, որ և միջազգայնական է և ազգայնական, հայը, որ Անդրանիկյան և հակաԱնդրանիկյան, հայը, որուն վրայ դարերու ստրկությունը նրանց հետքի չէր մնացած»: Ահա թե ինչու Անդրանիկը իր հավատարիմներով, խուճապահար ժողովրդին Սարիղամիշ ուղեկցելով, հասավ Կարս և քանի որ Սարիղամիշից նա արդեն հեռագիր էր ուղարկել Հայաստանի Ապահովության խորհրդին, թե դավաճաններով շրջապատված լինելով՝ հրաժարվում է Հայաստանի երկրապահ զորաբանակի հրամանատարությունից: Հետագայում Միքայել Վարդանյանը պետք է հայտարարեր.
Ազգային խորհրդի նախագահ Ա. Ահարոնյանը, լսելով Էրզրումի անկման մասին, ողբալով ասում է.
Իր դավաճանությունն ու Աղամալյանի կազմակերպած դավադրությունը քողարկելու նպատակով, բացի այն, որ գնդապետ Բեժանբեկովը ստորաբար փախավ Էրզրումից, հասնելով Սարիղամիշ, այդ ստոր տականքը մի հեռագիր է ուղարկում Թիֆլիս «Մշակ» և «Հորիզոն» թերթերին, և իր դավաճանությունը քողարկելով ու արդարացնելով, ցանկանում է նսեմացնել Անդրանիկին: Ահա թե ինչ է գրում այդ ստահակը. «Կարինը ինկավ, հակառակ Ա և Դ գնդերուն հերոսական դիմադրության»: Այս մասին իմանալով` Անդրանիկը դավաճանի սուտը քողարկելու նպատակով էլ մի նամակ է գրում «Հայկաշեն» ամսագրին, հետևյալ բովանդակությամբ.
Երբ Նազարբեկովը Սարիղամիշը թուրքերին հանձնեց, Ալեքսանդրապոլ (Գյումրի) եկավ Անդրանիկը, իրեն հատուկ մարգարեությամբ նրան ասաց. - Ռուսները Բրեստ-Լիտովսկի դաշնագրով թուրքերուն տված են մինչև Արփաչայը: Բայց թուրքերը հոն կանգ պիտի չառնեն: Պիտի գրավեն Ալեքսանդրապոլն ալ, որպեսզի երթան մինչև Բաքու: Եկուր Ալեքսանդրապոլի հսկայ պահեստները փոխադրենք Լոռու լեռները, հոն դիրք բռնենք: Գեներալ Նազարբեկովը, լինելով պարկեշտ, կրթված և խոսքի տեր մարդ, չէր կարող հավատալ, որ թուրքը ստոր խաբեբա է: Եվ ահա թե ինչ է նա պատասխանում Անդրանիկին. - Այդպիսի բան կարելի՞ է: Թուրքերը պետք է հարգեն, իրենց ստորագրությունը կա... Անդրանիկի մարգարեական կանխագուշակումը իրականացավ: Թուրքերը գրավեցին Կարսը, անցան Արփաչայը, գրավեցին ոչ միայն Ալեքսանդրապոլը, այլ նաև Ղարաքիլիսան` այժմյան Վանաձորը` սրի քաշելով հազարավոր անմեղ հայերի: Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի և Ապահովության խորհրդի անդամները Էրզրումի անկումից հետո կարծես թե սթափվեցին և զգացին, որ Թուրքահայաստանի կորուստը բերելու է նաև Ռուսահայաստանի կորստյան վտանգին: Երկար-բարակ մտածելուց և խորհրդակցելուց հետո որոշեցին դիմել Անդրանիկին՝ խնդրանքով, որ նաև Ռուսահայաստանը փրկելու համար մի բանակ կազմի: Հանձնարարվեց Հայաստանի Ապահովության խորհրդի կողմից, որ Պարույր Լևոնյանը նամակ գրի Անդրանիկին: 1918 թվի մարտի 26-ին Լևոնյանը հետևյալ նամակը գրեց.
Անդրանիկը այս խնդրագիրը ստանալուն պես, անմիջապես մեկնում է Ալեքսանդրապոլ: Երբ Անդրանիկը զբաղված էր իր բանակի կազմակերպման հարցերով, ահավոր լուրեր և տարաձայնություններ սկսեցին շրջել Թիֆլիսի մեջ, թե Անդրանիկը գնացել է Կարս՝ առանց ընդհանուր հրամանատարի` Նազարբեկովի հրամանի` թուրքահայ զինվորներ բերելու: Հավաքել և իր հետ ցանկացել է տանել, երբ տեղի է ունեցել ահավոր բախումներ, որի հետևանքով մեծ արյունահեղություն է տեղի ունեցել թուրքահայ և ռուսահայ զինվորների միջև և նման ստահոդ լուրեր: Եվ զարմանալին այն է, որ Թիֆլիսի Ազգային խորհուրդը երկու հեռագիր է ստացել` Անդրանիկը, իբրև թե ուղարկվել է զորավար Նազարբեկյանի կողմից, որի բովանդակությունը` «Զոր. Անդրանիկ, առանց իմ հրամանիս իրեն հետ առնելով սիբիրյան գունդը և 700.000 փամփուշտ մեկնեցավ Կարս»: Երկրորդ հեռագիրը գրված էր, իբրև թե` գնդապետ Մորելի և զորքի կոմիսար Միշա Արզումանյանի խմբագրությամբ. «Անդրանիկ, սիբիրյան գնդի հետ հասավ Կարս: Թրքահայ զորքը ապստամբեցավ, դիրքերը լքեց: Պատասխանատու չենք Կարսի պաշտպանության»: Այս հարցը պարզելու համար Ապահովության խորհուրդը իր վստահելի և հեղինակավոր անդամներից կազմված մի հանձնաժողով ուղարկեց Ալեքսանդրապոլ, որի մեջ էին Լևոն Թութունջյանը, Վահան Թոթովենցը և Ներսես Դժխոյանը: Այս հանձնաժողովին խիստ պատվիրված էր Ալեքսանդրապոլից անցնել Կարս և վերջ տալ եղբայրասպան արյունահեղությանը: Սակայն մեծ եղավ հանձնաժողովի զարմանքը, երբ Ալեքսանդրապոլ գալով այստեղ տեսան Անդրանիկին, ով զբաղված էր իր զորքի կազմավորման հարցերով: Ալեքսանղրապոլից անմիջապես շտապ հեռագիր ուղարկվեց Թիֆլիս` Ապահովության խորհրդին, հետևյալ բովանդակությամբ. «Զորավարը երբեք Կարս չէ գացած: Եղածը զրպարտություն է: Անդրանիկը մնաց գեներալ Նազարբեկովի հրամանով` իր բանակը կազմակերպելու և զինելու»: Իրականությունը պարզելուց հետո, կասկած առաջացավ, որ Անդրանիկին զրպարտողներ կային Ազգային խորհրդի կազմում: Երբ Ներսես Դժխոյանը Ալեքսանդրապոլից վերադառնալուց հետո Ավետիս Ահարոնյանից պահանջում է այդ 2 գրերի իսկական օրինակները, Ահարոնյանը պատասխանում է, որ այդ երկու գրերն էլ իսկական օրինակներ չունեն և անթել էին, դրա համար էլ կրկնօրինակներ էլ չունեն: Հետագայում պարզվում է, որ երկու հեռագրերն էլ տվել է դավաճան Բեժանբեկովը: Երբ Անդրանիկի թշնամիները տեսան, որ այդ երկու հեռագրերի կեղծ լինելը հաստատվեցին, որոշեցին մեկ այլ կերպ զրպարտել Անդրանիկին, թե նրա Ալեքսանդրապոլում մնալը ձեռք չի տալիս Ազգային խորհրդին և որ պետք է Անդրանիկն իր զորքով մեկնի Ախալքալակ` լքելով Ալեքսանդրապոլը: Այս լուրն Անդրանիկին Ազգային խորհրդի անունից հաղորդում է Պարույր Լևոնյանը: Ահա թե ինչ է պատասխանում Անդրանիկը Պարույր Լևոնյանին. - Ախալքալակ երթամ,- քարտեզին նայելով ասում է հերոսը,- տեսեք ճանապարհը, Ալեքսանդրապոլեն մինչև Ախալքալակ հայ բնակչություն չկայ, հոն կը վխտան ազատ արձակված թուրք նախկին գերի սպաներ և զինվորներ: Ասոնց միջեն անցնելով Ախալքալակ հասնիլ, այն ալ 1000 հոգով, ինչը որ կը նշանակե 600-700 հրացան, այդքան ուժ անբավարար է իմ ետևես ստեղծվելիք թիկունքը պաշտպանելու համար: Եթե հաջողիմ իսկ ճեղքելով անցնիլ, ուր մնաց հայկական զորքին թիկունքը պաշտպանել և հետոյ կը մոռնաք, որ իմ այսքան տարիներու հաջողություններուս գլխավոր գաղտնիքներեն մին տեղագրական ճանաչողությունն է: Ես աչքերս գոց քարտեզին վրայ երևացող երկիրը ինձ անծանոթ է: Ձեր նպատակը զիս ձախորդության մատնելն է: Այս խոսքերի վրա Պարույր Լևոնյանը քիչ վախեցած, քիչ էլ զարմացած հարցնում է: - Խնդրեմ, Անդրանիկ, ինչպե՞ս ինձմե կը սպասես այդպիսի դիտումներ: - Ես քեզմե չեմ սպասեր, Պարույր, խելքդ գլուխդ ժողովե, իսկ քեզ հոս ղրկողներուց ամեն բան կսպասեմ, որոնց նպատակը զիս ձախողելն ու կործանելն է: Զիս խաղալիք կը կարծեն: Իմաստուն ու հեռատես Անդրանիկը Էրզրումի անկումից հետո, երբ հրավիրվեց Ալեքսանդրապոլ՝ նոր կամավորական գունդ կագմակերպելու, մի առիթով Նազարբեկյանին ասել էր. - 15 օր ետք պիտի թողուք Կարսը, այնպիսի պայմաններով պիտի թողուք, կարելիություն չպիտի ունենաք շիվղ մը իսկ ազատել, հիմա կոնե պարպեցեք մթերքները, բերեք Ալեքսանդրապոլ, գոնե գաղթականներու պետք ըլլայ... Ռազմամթերքը հեռացրեք, գոնե թշնամին ձեռքը չիյնայ: Ներկաները ծիծաղում են.... Հեգնեցին և չօգտագործեցին այդ մեծ հայի, պայծառատես ռազմագետի խորհուրդը: Նրանք միայն մի բան մտածեցին, որ Անդրանիկը, Էրզրումից հետո Կարսում չմնալով, ցանկացել է ապացուցել, որ եթե ինքը Կարսում չի կռվում, Կարսը պետք է ընկնի: Իրականում Անդրանիկը, Էրզրումի դավադիր ու դավաճան ղեկավարների մտադրությունը տեսնելով, և զգալով նաև, թե ինչպես Ապահովության խորհրդում, այնպես էլ Ազգային խորհրդում դյուրահավատների թիվը չափազանց մեծ է, հրաժարվեց ամրանալ Կարսում և մեկ անգամ էլ ձախողվել: Սակայն, երբ իրականացավ Անդրանիկի կանխատեսումը, Կարսը, որի զինապահեստներում մեծ ռազմական հարստություն կար, ամբողջությամբ հանձնվեց թշնամուն: Հանձնվեց հատկապես զինամթերքն ու այն ամենը, ինչի կարքն ուներ արդեն ուժասպառ ու տկլոր օսմանյան բանակը։ Եվ այն, ինչ թողեցին թշնամուն, օգտագործվեց հենց հայերի դեմ։ Հենց այդ զենք ու զինամթերքով թշնամին ավերակի վերածեց Ալեքսանդրապոլն ու Ղարաքիլիսան՝ հասնելով մինչև Դիլիջան։ Ժողովրդի մեջ տարածված են խոսակցություններ այն մասին, իբրև Զորավար Անդրանիկն անձնական նախաձեռնությամբ 1918 թվականին իր ջոկատով Ալեքսանդրապոլից հեռացել է Լոռի, որի հետևանքով էլ թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ և կոտորած սարքել։ Իրականում Զորավար Անդրանիկը դեմ է եղել Ալեքսանդրապոլն առանց դիմադրության թողնելը և թույլ տալ խարդավանքի սովոր թուրքերին Ալեքսանդրապոլով անցնել Բաքու. սա է ճշմարտությունը և դրա ապացույցն է սույն հրամանը. ՀՐԱՄԱՆ ՀԱՅՈՑ ԱՌԱՋԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ 1918 թ. մայիսի 16, Ղարաքիլիսա
Կորպուսի հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ, Գլխավոր շտաբի պետ՝ Գեներալ-մայոր ՎԻՇԻՆՍԿԻ ՀՊՊԿԱ ֆ-121, գ-1, ց-30, թ-3 Եթե Զորավար Անդրանիկը չկատարեր սույն հրամանը, կհամարվեր դասալիք և զինվորական օրենքով կձերբակալվեր, կարող էին և գնդակահարել նրան։ Նրան ձերբակալելու փորձեր նախկինում եղել էին։ | |
Դիտումներ: 3331 | | |