Ատրպետ իսկական անունը` Մուբայաջան Սարգիս Մկրտչի հայ արձակագիր, հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից
1860, հունվարի 31 - 1937, մայիսի 27
Ծնվել է Կարսում, ավարտել տեղի կաթոլիկների վարժարանը, ապա՝ Կ.Պոլսի Օսմանյան լիցեյը (1877)։ 1880–ից ուսուցիչ էր արևելահայ գյուղաքաղաքներում։ Հնչակյան կուսակցության Թիֆլիսի կոմիտեի անդամ էր (1893–ից)։ Ձերբակալվել և աքսորվել է Ռոստով (1895)։ Ազատվելուց հետո մեկնել է Թավրիզ։ Հրատարակել է «Ապագա» լրագիրը։ Ատրպետի ստեղծագործությունները հիմնականում արտացոլել են արևմտահայ գյուղաշխարհը, այնտեղ կատարվող խմորումները։ «Ալմաստ» (1891) երկհատոր վեպում պատկերել է հայ ազատագրական գաղտնի կազմակերպություններից մեկի՝ Կարինի «Պաշտպան հայրենյաց» միության գործունեությունը, նրա ջախջախումը, ապա՝ բանվորական շարժման առանձին դրվագներ Թիֆլիսում։ Հայ ազգային–ազատագրական շարժման հարցերում Ատրպետը ունեցել է յուրօրինակ դիրքորոշում. անհրաժեշտ է համարել հայ–թուրք «հեղափոխական համագործակցությունը»՝ համիդյան ռեժիմը տապալելու համար։ Ատրպետը ժառանգել էր մանրբուրժուական գյուղացիական դեմոկրատիայի հեղափոխական տրամադրություններն ու հայացքները։ Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրված նրա «Տժվժիկը» հայտնի պատմվածքը, որը հիմք է դարձել համանուն կինոնկարի համար։ Ատրպետը թողել է նաև պատմա–բանասիրական հետազոտություններ, հրապարակախոսական հոդվածներ «Հողատիրությունը Կովկասում», «Հայ թագավորների և քաղաքների դրամները նախնական ժամանակներից մինչև Տրդատ»։ Մահացել է Լենինականում (Գյումրի) 1937 թվականին։
Ատրպետի «Տժվժիկը» պատմվածքի հիման վրա նկարահանվել է «Տժվժիկ» կարճամետրաժ կինոնկարը։
|