Դեռ շատ հնուց մեզ է հասել՝
Ինքն է թխել միշտ իր հացը,
Հազար ու մի տեսակ տորթեր,
Արքայական, անվանական՝ «Միգատոն» է ու «Պրահան»
Կամ «Զարուհին» ու «Գայանեն»,
Բիսքվիթը, մեկ էլ բեզեն, «Նեգրի ժպիտ» ու «Նապոլեոն»,
Համեղ «Գարուն» և «Կուտուզով»,
Ե՛վ «Տոնական», և «Կիտրոնով»,
Ինչեր միայն չեն պատրաստվում՝
Էլ «Սիգարետ», համով «Բոխչա», «Ոզնի», «Արջուկ» ու փախլավա:
Ինչքան թվեմ, որ լավ լինի,
Սույն գրքույկը ու միշտ հիշել,
Մեկ էլ, ինչ խոսք, վայելողը:
Շերտավոր խմոր
2 ձվի դեղնուցը մի քիչ հարել, ավելացնել 200 գ կարագ կամ մարգարին, լավ խառնել, ավելացնել 1 թեյի բաժակ գոլ ջուր, 1 ճաշի գդալ քացախ, մի պտղունց աղ, 3-4 թեյի բաժակ ալյուր (նկատի ունենալով ձվի մեծությունը) ալյուրը մաս-մաս ավելացնել, մինչև ստացվի ձեռքերին չկպչող փափուկ խմոր: Այն բաժանել երկու գնդի, 20-30 րոպե թողնել հանգստանա, հետո 200 գրամ կարագը քսել բացած գնդերին, ծրարի պես ծալել, 15 րոպե դնել սառնարանում։ Նույնը կրկնել երկրորդ, երրորդ անգամ։ 2-3 ժամ մնալուց հետո կարելի է օգտագործել։
Տրված խմորով թխվածքը չափազանց փխրուն ու համեղ է, որով կարելի է թխել.
- Գաթա (խորիզով)
- «Նապոլեոն» (կրեմի համար վերցնել 200 գրամ խտացրած կաթ, որը մաս-մաս պետք է ավելացնել 300 գրամ հարած կարագին. վերջում ավելացնել 1 հատ վանիլին):
- Փախլավա։
- Սիգարետ (ընկույզ՝ 1 թեյի բաժակ, շաքարավազ՝ 1 թեյի բաժակ, հիլ՝ 4-5 հատ կեղևից մաքրել, լավ մանրացնել, խառնել միջուկին):
- Բադամ-բուդի (միջուկը նույնն է, ինչ սիգարետինը, միայն հիլի փոխարեն կես թեյի գդալ դարչին խառնել և միջուկը լցնել կլոր բացած խմորի վրա, փաթաթել բոխչայի պես, թխվելուց հետո վրան շաքարի փոշի ցանել):
- Խաչապուրի, մսով, կարտոֆիլով կարկանդակ և այլն:
Շերտավոր ընտիր խմոր
800 գրամ կարագ կամ մարգարին, 4 ձվի դեղնուց, 6-7 թեյի բաժակ ալյուր, 1,5 թեյի բաժակ գոլ ջուր, 2 ճաշի գդալ քացախ, 1 պտղունց աղ
4 ձվի դեղնուցը մի քիչ հարել, ավելացնել 400 գ կարագ, խառնել, վրան լցնել 1,5 թեյի բաժակ գոլ ջուր, մի պտղունց աղ, 2 ճաշի գդալ քացախ, 6-7 թեյի բաժակ ալյուր (ի դեպ՝ կախված ձվի մեծությունից՝ ալյուրը հարմար է վերջում քիչ-քիչ ավելացնել): Ամբողջ զանգվածը լավ հունցել, որպեսզի ստացվի ձեռքերին չկպչող փափուկ խմոր: Այն բաժանել 4 գնդի, 20-25 րոպե դնել սառնարանում, որից հետո 400 գ կարագը բաժանել 12 մասի, ամեն մի գունդը գրտնակով բացել, երեսին կարագ քսել, ծալել երեք տակ, այնուհետև մյուս ծայրից դարձյալ երեք տակ։ Նույն պրոցեսը կրկնել երեք անգամ բոլոր գնդերի հետ, որից հետո1-1,5 ժամ դնել սառցախցիկում, այնուհետև հանել և թխել (գաթա, նապոլեոն, խաչապուրի, մսով կարկանդակ, սիգարետ և այլն)։
|