Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 4 » Աղմկահարույց սպանությունները անկախ Հայաստանում
19:57
Աղմկահարույց սպանությունները անկախ Հայաստանում
1991 թ-ի Հայաստանի անկախացումից հետո մեր երկրում քաղաքական հայտնի դեմքերի սպանությունների և մահափորձերի պակաս, ցավոք, չի եղել: Ներկայացնում ենք Հայաստանում աղմկահարույց քաղաքական սպանությունների ժամանակագրությունը.
  • 29.08.1990 թ. Երևան
Սպանվում են ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարներ Գեղազնիկ Միքայելյանն 
ու Վիտյա Այվազյանը՝ ՀԱԲ-ի շտաբի զինական միասնության բանակցություններ վարելու ժամանակ՝ դավադիր գնդակից: Սպանություններն այդպես էլ չեն բացահայտվում: 
  • 1993 թվական, մայիսի 3, առավոտյան ժամը 7։10, Երեւան, Խանջյան փողոց
Սպանվում են Հայկական երկաթուղու պետ Համբարձում Ղանդիլյանը և մեքենայի երեք ուղևորները: Նրանց վրա արձակվել էր մի քանի տասնյակ գնդակ՝ ավտոմատի կրակահերթով:
  • 1993 թվականի հուլիսի 21, առավոտյան ժամը 8:05, Երեւան, Կոմիտասի անվան այգի։
Մակարով տեսակի ատրճանակի կրակոցից սպանվում է Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մարիուս Յուզբաշյանը: 
  • 1994 թ-ի դեկտեմբերի 18, Երևան
Իր տան դիմաց սպանվում է Երևանի նախկին քաղաքապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ 
Համբարձում Գալստյանը: Վերջինիս եղբայրը վազում է մարդասպանների հետևից, սակայն չի հասցնում փրկել Գալստյանին:
  • 1998 թ. Երևան, օգոստոսի 6
Սպանվել է ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը: Պաշտոնական վարկածով՝ սպանել է ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանն ու ինքնասպան եղել:
 
Դեպքից մեկ ժամ անց, Ռ. Քոչարյանը «բացահայտեց» հանցագործությունը, որի համաձայն Արամ Կարապետյանը անձնական հրաձիգով սպանել է Գլխ. Դատախազ Հենրիկ Խաչատրյանին եւ ինքնասպան եղել: Հենց այս «բացահայտումն» էլ հետագայում դարձավ քննչական խմբի հիմնական վարկածը եւ հանցագործությունը համարվեց բացահայտված:
  • 1998 թվականի դեկտեմբերի 10
Իր բնակարանի շքամուտքում սպանվում է ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունին: Սպանությունը բացահայտված չէ։
  • 1999թ. փետրվարի 9, Երևան
Պաշտոնական վարկածով` երկու կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում ՆԳ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը: 
  • 1999 թ., հոկտեմբերի 27, Երևան
Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ահաբեկիչների խումբը խորհրդարանում գնդակահարում է ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին: Այժմ ահաբեկիչները ցմահ ազատազրկում են կրում:
  • 2000թ. ապրիլի 4, Երևան
ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի թիկնապահ Արբակ Բաբասյանը գիշերվա 02:40-ի սահմաններում Բաղրամյան և Կիեւյան փողոցների խաչմերուկում ատրճանակով սպանեց մի 30-35 տարեկան քաղաքացու։
  • 2001թ. սեպտեմբերի 11, Երևան
Իր բնակարանի դռանը հարմարեցված նռնակի պայթյունից սպանվում է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյանը: Սպանությունը բացահայտված չէ:
  • 2001թ. սեպտեմբերի 25, Երևան
Առագաստ» սրճարանում՝ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվելու արդյունքում սպանվեց Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանը՝ նախագահի աթոռը զբաղեցնողին «պրիվետ Ռոբ» արտահայտությամբ ողջունելու համար: Սպանությունից մի քանի օր հետո, Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Թիկնապահներից մեկը՝ Ա. Հարությունյանը` Կուկու մականվամբ, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման:
  • 2002 թվականի դեկտեմբերի 28, Երևան
Իր ծնողների տան շքամուտքի մոտ ատրճանակի կրակոցներից սպանվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը
  • 2003թ. օգոստոսի 31, Մոսկվա
Հրազենային կրակոցից սպանվել է Երևանի «Դվին» հյուրանոցի տնօրեն Վանուշ Թորոսյանը:  Նրա հետ միասին սպանվել էին նաեւ ԱՎՄ (Ազատամարտի վետերանների միություն) նախկին համանախագահ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Դիոնիս Մարգարյանը եւ ՀՀ ՆԳ նախկին աշխատակից, Մոսկվայի ՆԳ քաղաքային վարչության աշխատակից Վալերի Ավանեսյանը:
  • 2005թ. փետրվարի 4, Երևան 
«ՏԷՑ-ի կռուգի» փոխհրաձգության ժամանակ զոհվել է Մհեր Տեր-Հովհաննիսյանը:
  • 2005 թ. փետրվարի 6, ՌԴ Սամարայի մարզ
Տոլյատի քաղաքի ճանապարհին սպանվեց Հայաստանում «Ավտովազի» ներկայացուցիչ, «Արմենիա-Լադա» ընկերության ղեկավար Ռաֆայել Շահմուրադյանը: Դրանից մեկ տարի առաջ` մայիսի 24-ին Շահմուրադյանի դեմ մահափորձ էր տեղի ունեցել Երեւանի Բաղրամյան պողոտայում՝ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մերձակայքում: Անհայտ անձը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայից կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ, ինչից հետո Շահմուրադյանը հրաշքով կենդանի էր մնացել. փամփուշտը, անցնելով մարմնի լայնքով, ոչ մի օրգան չէր վնասել: Այն ժամանակ Շահմուրադյանը հայտարարել էր, որ իր դեմ տեղի ունեցած մահափորձի մեջ կասկածում է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին:
  • 2005թ. սեպտեմբերի 24, Նոր Հաճն
Նոր Հաճնի քաղաքապետ եւ հոկտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածու Արմեն Քեշիշյանը երկու ոստիկանների ներկայությամբ վեց կրակոց է արձակել եւ սպանել ՀՀ էլեկտրական ցանցերի «Արզնի» մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մխիթարյանին։ Քեշիշյանը դատապարտվեց ընդամենը 3.5 տարվա ազատազրկման եւ պայմանական ազատ արձակվեց:
  • 2006 թ. հունիսի 22, Երևան
Օրը ցերեկով, տասնյակ մարդկանց աչքի առաջ, Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում սպանվեց Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդին՝ Սեդրակ Զատիկյանը: Մարդասպանի արձակած գնդակներից զոհվեց նաեւ անցորդ, 1969թ ծնված Կարինե Սարգսյանը:
  • 2006 թ. օգոստոսի 8-ին Աշտարակ-Գյումրի մայրուղու 
Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա գնումներ կատարելիս սպանվեց Ալեքսանդր Գիվոեւը: Մարդասպանների արձակած գնդակներից զոհվել էր նաեւ վաճառողուհի Գյուլնարա Կարապետյանը:
  • 2006թ. օգոստոսի 30, Արարատի մարզ, գյուղ Դալար
Արարատի մարզի Դալար գյուղի նախկին գյուղապետ Գեղամ Բաբայանը որսորդական հրացանով
սպանել է գործող գյուղապետ Տիգրան Պետրոսյանին:
  • 2006 թ. սեպտեմբերի 6, Երևան
Ծառայողական մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից սպանվում է ՀՀ Հարկային ծառայության Օպերատիվ վարչության պետ Շահեն Հովասափյանը: Անհայտ հանցագործը գործի էր դրել նրա նստատեղի տակ դրված ռումբը:
  • 2006թ. դեկտեմբերի 20, Արմավիրի մարզ, գյուղ Նալբանդյան
Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ Ռոլանդ Մկրտչյանը գիշերը անհայտ անձանց կողմից իր տանից դուրս է կանչվել եւ սպանվել:
  • 2007թ. մայիսի 10, Երևան
Գիշերը՝ ժամը 3:00-ին «Պանդոկ» ռեստորանի նախկին սեփականատեր Լեւոն Գուլյանը բերման է ենթարկվել Շենգավիթի ոստիկանություն` 2006-2007 թվականների ընթացքում սպանված, ազգակցական կապեր ունեցող Աշոտ, Ստեփան, հետագայում նաեւ` Արտավազդ Վարդանյանների սպանությունների հանգամանքների հետ կապված: Գուլյանին 2 օր պահել են ոստիկանության բաժանմունքում, ինչը ավարտվել է նրանով, որ Գուլյանը կասկածելի հանգամանքներում ոստիկանության պատուհանից վայր ընկավ եւ մահացավ: Պաշտոնական վարկածի համաձայն իբր նա ցանկացել է փախուստի դիմել եւ 2-րդ հարկից վայր է ընկել ու մահացել:
  • 2007թ. օգոստոսի 6, Կոտայքի մարզ, գյուղ Առինջ 
Գիշերը «Մուլտի գրուպ» Կոնցեռնի պահակային ծառայության աշխատակիցներ Գ. Բալյանը եւ Ա. Անդրիասյանը սկզբում ծեծել, իսկ այնուհետեւ հրազենից կրակել եւ սպանել են Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի սպա Դենիս Երմոլովին:
  • 2007թ. օգոստոսի 12, Երևան 
Գիշերը «Ռելաքս» դիսկոտեկ-ակումբի մոտ անհայտ անձը դանակահարել էր Արտակ Ալեքսանյանին եւ Արթուր Սիմոնյանին: Հետագայում նա հիվանդանոցում մահացել է: Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ այդ վիճաբանությանը մասնակից է եղել նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եղբայր` Սաշիկ Սարգսյանի որդին:
  • 2007թ. օգոստոսի 25, Լոռու մարզ
Գիշերը աշխատանքից տուն վերադառնալիս իր տան մոտ անհայտ անձի կողմից սպանվեց Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը:
  • 2007թ. նոյեմբերի 8-ին, Երևան
Ժամը 18.00-ի սահմաններում Արաբկիրի շուկայի մոտակայքում հրազենային կրակոցից անհայտ անձանց կողմից սպանվել է Հայաստանի որսորդների միության նախագահ, ԲՀԿ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Քանաքեռի տարածքի համակարգող, 1960թ. ծնված Սայադ Դավթյանը։
  • Փետրվարի 3, 2009 թ, Երևան, Բարբյուսի փողոց
Իր տան շքամուտքում սպանվեց ՀՀ փոխոստիկանապետ, գնդապետ Գևորգ Մհերյանը: Սպանությունը բացահայտված չէ:
 

 
Հայաստանում աղմկահարույց քաղաքական սպանությունների ժամանակագրությունն ակամա տանում է դեպի ոչ վաղ անցյալ՝ 90-ական թվականներ։ Պատերազմող երկիրն ուղղակի ցնցվում էր ոչ միայն աղմկահարույց այդ սպանություններից, այլև ամեն օր երեկոյան 8-ից, 10-ից  հետո Երևանում հնչող կրակոցներից։ Ժամանակագրությունից երևում է, որ 1994 թ. դեկտեմբերի 18-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի սպանությունից հետո, երբ հայտնի «Դրո» գործով նույնքան աղմկահարույց ձերբակալություններ տեղի ունեցան, առնվազն 4 տարի՝ մինչև 1998 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունը, հանրապետությունը, կարելի է ասել խաղաղ էր, ինչի համար հանրությունը մինչ օրս դրական վերաբերմունք ունի այն ժամանակվա ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի նկատմամբ։
 
Աղմկահարույց սպանությունները նոր թափով սկսեցին 1998 թվականից, երբ Հայաստանում վարչապետի աթոռն արդեն զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը։ Եվ եթե մինչ 1998 թվականի աղմկահարույց սպանությունները ոչ միայն ձեռնտու չէին նախկին իշխանությունների վերնախավին, այլև սպանվեց նրանցից մեկը՝ ՀՀՇ անդամ, Երևանի քաղաքապետ, նոր իշխանավորների զինակից Համբարձում Գալստյանը, ապա, գուցե և տարօրինակ զուգադիպությամբ, 1998 թվականից հետո բոլոր աղմկահարույց սպանությունները ամրապնդել են Քոչարյանի իշխանությունը։
 
Մեկնաբանությունը՝ Գրիգոր Բաղդասարյանի

Կարդացեք նաև «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԽԱՐԱՆԸ» նյութը

 
 
 
 
Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 3340 | Ավելացրեց: armenlur | Տեգեր: Ռոբերտ Քոչարյան, Վանո Սիրադեղյան, Հոկտեմբերի 27, Համբարձում Գալստյան | - Վարկանիշ -: 5.0/1